Վիքիմեդիա Հայաստանը ABCFinance.am / ՀՀ Կենտրոնական բանկի հետ համատեղ ապրիլի 28-ից մայիսի 28-ը հայերեն Վիքիպեդիայում կազմակերպում է ֆինանսատնտեսական հոդվածների խմբագրման մրցույթ։
Մրցույթի նպատակն է Հայերեն Վիքիպեդիայում ֆինանսատնտեսական բովանդակության, Հայաստանի ֆինանսատնտեսական համակարգի համապարփակ ներկայացումը և շարունակական նորացումը, Հայերեն Վիքիպեդիայից օգտվողներին բնագավառի վերաբերյալ արդի տեղեկությունների մատուցումը։
Մասնակիցները մեկ ամսվա ընթացքում կստեղծեն ֆինանսատնտեսական թեմաներով հոդվածներ։ Հոդվածները մասնագիտական տեսանկյունից կստուգեն Կենտրոնական բանկի հանձնաժողովի, իսկ վիքիֆիկացման մասով՝ «Վիքիմեդիա Հայաստանի» մրցատյանի անդամները։ Մրցույթի ավարտին կամփոփվեն արդյունքները, և մասնակիցները կգնահատվեն։ Առավել բարձր գնահատականի կարժանանան այն մասնակիցները, որոնց ներդրումը Հայերեն Վիքիպեդիայում կլինի ծավալուն և որակյալ։
Ֆինանսատնտեսական վիքիամիս մրցույթի լավագույն 3 մասնակիցները կստանան դրամական մրցանակներ ՀՀ Կենտրոնական բանկի և հավաստագրեր Վիքիմեդիա Հայաստանի կողմից։ Լավագույն նորեկ մասնակիցը նույնպես կպարգևատրվի։
Մրցույթի ընթացքում առավել ակտիվ 20 խմբագիրները հնարավորություն կստանան մայիսի 24-28-ը մասնակցելու Ֆինանսատնտեսական վիքիհավաք 2024-ին, որտեղ մինչև մայիսի 28-ը կշարունակվի մրցույթը։ Մայիսի 17-ին առավել ակտիվ մասնակիցները կստանան նամակ-հրավեր։