Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Քաղաքականություն

Վարչապետը մեծ հաջողություն է համարում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև արձանագրության ստորագրումը

4 րոպեի ընթերցում

Վարչապետը մեծ հաջողություն է համարում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև արձանագրության ստորագրումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ հաջողություն է համարում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև արձանագրության ստորագրումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին ասաց ՀՀ կառավարության նիստում։

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները, ի կատարումն ապրիլի 19-ին համատեղ նիստում ընդունած արձանագրության, համաձայնեցրել են ՀՀ Բաղանիս Ադրբեջանի Բաղանիս-Այրում, ՀՀ Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը-Ասկիպարա, ՀՀ Կիրանց, Ադրբեջանի Խեյրիմլի, ՀՀ Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ-Հաջիլի գյուղերում սահմանային նախանշված հատվածները և ստորագրել են այդ սահմանային հատվածների նկարագրություն-արձանագրությունները։ Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն՝ երկու պատճառով։

Առաջինը՝ մեր ինքնիշխանության և անկախության հետագա զարգացման և ամրապնդման համար դրվել է մի շատ կարևոր անկյունաքար։ Երկրորդը՝ մեր հանրապետությունը անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որն այս փաստով էականորեն մեծացնելու է անվտանգության և կայունության մակարդակը ոչ միայն նշված գյուղերի հատվածում, այլև ընդհանրապես Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը շնորհակալություն հայտնեց սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով կառավարական հանձնաժողովին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, անվտանգության խորհրդի բոլոր անդամներին, որոնք ամենօրյա ռեժիմով ներգրավված են եղել գործընթացին։

Մայիսի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման ընթացքումՀանձնաժողովները, 2024թ. ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թվականին, համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ «Արմենպրես»-ին մեկնաբանություն էր տվել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

[email protected]

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում