Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Մշակույթ

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

6 րոպեի ընթերցում

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երաժշտության գրագետ մատուցումը յուրաքանչյուր արտիստի հաջողության գրավականն է։ Իսկ հաջողության ու երաժշտական կարիերայի փառքին հասած արտիստի կողքին միշտ կան բանիմաց երաժիշտներ։ Դաշնակահար, գործիքավորող Էդգար Հայրապետյանը հայ երաժշտարվեստում այն պահանջված երաժիշտներից է, ում նվագակցությամբ ու երաժշտական խմբի ղեկավարությամբ էլ վաստակավոր շատ արտիստներ նախընտրում են, որ իրենց համերգներն ու մենահամերգներն ընթանան։

«Իմ երաժշտական ու ստեղծագործական գործունեության 35 տարիների ընթացքում անվանի ու վաստակաշատ հայ արտիստների հետ համագործակցություններով եղել եմ աշխարհի մեծ բեմերում՝ Ռուսաստանի Դաշնության տասնյակ քաղաքներում, Եվրոպայում, Կանադայում, ԱՄՆ-ում, որտեղ ոչ միայն մեր հայրենակիցներին, այլ օտարազգի հանդիսականին մատուցել ենք հայ երգն ու երաժշտությունը»,- համերգների թիվն այդպես էլ չմտաբերելով՝ ասաց Էդգար Հայրապետյանն ու հավելեց, որ 35-ամյա երաժշտական ստեղծագործական գործունեության համար ամիսներ առաջ Կալիֆորնիա նահանգի սենատի կողմից արժանացել է սերտիֆիկատի։

«2023 թվականի նոյեմբերին, Կալիֆորնիա նահանգի սենատի կողմից արժանացա սերտիֆիկատի, որով նրանք նախ շնորհավորել են իմ երաժշտական ձեռքբերումների ու ստեղծագործական գործունեության 35-ամյակը, ապա մասնավորապես ընդգծել․ «Դուք Ձեր գործունեությամբ ոգեշնչում եք ամբողջ աշխարհի արվեստագետներին: Ուստի մաղթում ենք շարունակական հաջողություններ՝ Ձեր հետագա գործունեության մեջ»։ Իհարկե, ինձ համար մեծ պատիվ է, նման գնահատականի արժանանալ Կալիֆորնիայի սենատի կողմից և հետո՝ սա եռակի անգամ պարտավորեցնող է, որ էլ ավելին անեմ իմ հետագա գործունեության ընթացքում»,-խոստացավ դաշնակահարը։

Զրույցի ընթացքում փորձեցինք Էդգարի հետ մտաբերել նախորդ և այս տարվա  ընթացքում հայ արտիստների հետ ունեցած համերգային շրջագայությունները, արդյունքում ստացվեց, որ դրանք հատում են երեք տասնյակի շեմը.

«Իսկապես, և՛ նախորդ, և այս տարվա ընթացքում համերգային ակտիվ գործունեություն եմ ծավալել։ Անգամ հանգստանալու ժամանակ չեմ ունեցել․․․»,- դաշնակահարն ինքն իրեն նախատելով թվարկեց մի քանիսը․

«Որպես դաշնակահար երաժիշտ նվագակցել եմ «Յամավա» ռեզորթում տեղի ունեցած ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի, երգիչներ Ավո Ադամյանի, Վաչե Ամարյանի  կենդանի կատարմամբ համերգային շոու ծրագրերի ժամանակ։ Իմ նվագակցությամբ է կայացել նաև «Agua Caliente»-ում տեղի ունեցած, ՀՀ վաստակավոր արտիստ Արամեի,  երգիչներ Սարո Թովմասյանի, Ավո Ադամյանի կենդանի կատարմամբ մենահամերգները։ Իսկ արդեն Երևանում՝ «Յանս մյուզիք հոլում», երգչուհի Աիդա Սարգսյանի գեղեցիկ մենահամերգի ժամանակ կրկին ստեղնաշարային գործիքները Աիդան լիովին վստահել էր ինձ։ Պիտի ասեմ, որ հայ հանդիսականի կողմից սպասված ու կարոտած համերգ ունեցանք, քանի որ Աիդան վաղուց հայաստանյան հանդիսատեսի համար ելույթ չէր ունեցել» 

Էդգարն առանձնահատուկ շեշտեց նաև ՀՀ վաստակավոր արտիստ, լեգենդար երգիչ Հարութ  Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի մենահամերգների ընթացքում համագործակցության մասին, որն ըստ դաշնակահարի մեծ պատիվ է բերում իրեն.

«Հնարավորության դեպքում Հարութ Փամբուկչյանի համերգային շրջագայությունների ժամանակ գրեթե միշտ նվագակցում եմ, քանի որ հայկական երգարվեստի լեգենդի հետ մեկ բեմահարթակում լինելը նախ մեծ պատիվ է, ապա՝ այլ զգացողություններ ու էներգիա ես ստանում։ Օրինակ՝ նախորդ տարվա հոկտեմբերի 1-ին մեծ ու անմոռանալի մենահամերգով հանդես եկավ Լոս Անջելեսի ամենամեծ՝ նախկինում Մայքրոսոֆթ, այժմ՝ Փիքոք համերգասրահում։ Բոլորովին վերջերս՝ ապրիլի 13-ին, «Յամավա» ռեզորթում որպես երաժշտական խմբի փոքրիկ, բայց կարևոր հատվածում հանդես գալով վայելում էի այն սերն ու ջերմությունը, որը վարպետը անմնացորդ տալիս էր ու կրկնակին ստանում հանդիսականից»։ 

Խիստ լեցուն համերգային գրաֆիկում Էդգար Հայրապետյանը նաև հասցնում է գործիքավորել հայկական շոու-բիզնեսի արտիստների երգերի երաժշտությունները, այդ թվում՝ «LA PROJECT» նախագծի շրջանակում գործիքավորել է Գոռ Սուջյանի կատարմամբ ՝ «You», «In the street», «No sense», «Էլ քեզ չսիրեմ» երգերը։ Ինչպես նաև երգչուհի Լուսինե Գրիգորյանի կատարմամբ «Պոպուրի» երգը։ Ի դեպ, Էդգարի ստեղնաշարային գործիքների նվագակցությամբ ու գործիքավորմամբ ՀՀ վաստակավոր արտիստ Արմենչիկի երգացանկից «Ոնց նայում եմ» երգն արդեն Յութուբում գրանցել է 13 միլիոն դիտում։

Անդրադառնալով առաջիկա նոր նախագծերին ու համերգային ծրագրերին Էդգար Հայրապետյանը վստահեցրեց, որ դրանք բազում են, որոնց մասին գերադասում է խոսել իրականություն դառնալուց հետո։ Միայն հավելեց, որ հուլիսի 5-ից-7-ը կմասնակցի Կանադայի Տորոնտո քաղաքում կայանալիք ամենամյա «Summer fest»-ին, որտեղ որպես երաժիշտ կնվագակցի անվանի արտիստներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանի և երգիչ Արաբո Իսպիրյանի համերգային օրերին։ Իսկ ՀՀ վաստակավոր արտիստ Արմենչիկի համերգային ծրագրում, ինչպես միշտ, ոչ միայն կնվագակցի, այլ կղեկավարի երաժշտական խումբը։

Նյութը պատրաստեց՝ Տաթևիկ Լևոնյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում