Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Մարզեր

Աստված պարզերես պահե Վարդավառի շոգ ու տապեն․  Գյումրիում նշվում է Վարդավառը

4 րոպեի ընթերցում

Աստված պարզերես պահե Վարդավառի շոգ ու տապեն․  Գյումրիում նշվում է Վարդավառը

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում, հուլիսի 7-ին, նշվում է համահայկական Վարդավառը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Վարդավառ-փառատոն»-ի շրջանակներում, տոնին նվիրված միջոցառումները մեկնարկել էին հուլիսի 6-ին՝ երեկոյան՝  Գյումրու Բարեկամության այգում. ներկայացվել է տոնի ծիսական հատվածը։ 

««Աստված պարզերես պահե Վարդավառի շոգ ու տապեն»,- ասել են մեր նախնիները։ Շոգ ու տապ այսօր աչքիս չի լինի, թող տոնի մյուս խորհուրդները՝ սիրո, մաքրագործման, պտղաբերության, ի կատար ածվեն»,-ներկայացնելով տոնի խորհորդը՝ նշեց արվեստաբան Արաքս Մարգարյանը։

Ծիսակարգը ներկայացնելուց հետո ներկաները լողավազանները լցրեցին վարդի թերթիկներով, տեղի ունեցավ խնձորախաղ և ավադական խմբապար:

Երկօրյա միջոցառման նպատակն է շեշտադրել տոնի ժողովրդական և ավանդական հավատալիքների առանձնահատկություննները, վեր հանել Վարդավառի ակունքները՝ մատնանշելով տոնի բուն հայկականությունը: Միջոցառումն անցկացնել Բարեկամության զբոսայգում՝ պահպանելով տոնի բուն՝ բնության, զարթոնքի խորհուրդը, ինչպես նաև դիրքավորել զբոսայգին որպես մշակութային նոր միջավայր և հանրային-մասնավոր ծրագրի արդյունավետ արդյունք: 

«Փառատոնը ներառում է երկու հագեցած օրեր. 6-ին՝ ավանդական հատվածը՝ փառատոնի պատմությունը, ծիսակատարությունը, ավանդական խաղեր, և 7-ին՝ ջրախաղ, բակային խաղեր, ավանդական ուտեստների պատրաստում ու հյուրասիրություն, իսկ երեկոյան՝ ռիթմիկ համերգ։ Տոնը փառատոնի վերածելու նպատակը այն հանրայնացնելն է և տոնակատարության ազգային էլեմենտները վերհանելը»,- «Արմենպրես»-ին նշեց Բարեկամության այգու վերակառուցման ծրագրի համակարգող Էմմա Բաղդասարյանը։

Մինչ ավանդական ջրախաղը տեղի ունեցան ազգային պարեր և խաղեր, մանկական և սպորտային խաղերի մրցույթ, երաժշտություն, ազգային խոհանոցը ներկայացնող ուտեստների համտես։

Փառատոնն անցկացվում է  Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի (TUF) նախաձեռնությամբ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի օգնությամբ և Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ։ 

«Առաջին տարին չէ, որ Գյումրին մեծ, մասշտաբային միջոցառման է վերածում Վարդավառը: 2019 թվականից ունեցել ենք փորձ և փորձառություն համաքաղաքային տոնի վերածելու և բոլորի բակերում խաղացվող այս ավանդական ջրային խաղը տեղափոխելու քաղաքի կենտրոնական հատվածներ: Ամեն ինչ սկսվեց Վարդանանց հրապարակից. անցած տարի փորձարկել ենք նաև Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքը: Ի ուրախություն մեզ՝ Բարեկամության այգին շատ կարևոր կենտրոնի է վերածվում Գյումրիում և համայնքապետարանի լավագույն գործընկերներից է: Եթե սրան գումարում ենք այն բարեկամական փոխգործակցությունը, որ մշտապես ունեցել ենք Բարեկամության այգու հետ, կարելի է ասել, որ ստացված համագործակցության արդյունքում անմոռանալի Վարդավառ ենք ունենալու»,- նշեց համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը: 

Արմենուհի Մխոյան

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում