Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Իրավունք

ՀՀ ՔԿ մամուլի խոսնակը մանրամասներ է ներկայացրել Գեղարքունիքի մարզի նախկին դատախազի մահվան հանգամանքների քննության վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՔԿ մամուլի խոսնակը մանրամասներ է ներկայացրել Գեղարքունիքի մարզի նախկին դատախազի մահվան հանգամանքների քննության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել Գեղարքունիքի մարզի նախկին դատախազ Կարեն Խաչատրյանի մահվան հանգամանքների քննության վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «2024թ. հուլիսի 07-ին՝ ժամը 00։35-ին, «Վարդենիս» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում կանչով մեկնած շտապօգությունն արձանագրել է 54-ամյա Կարեն Խաչատրյանի Գեղարքունիքի մարզի նախկին դատախազի մահը՝ հրազենի գործադրմամբ։

Դեպքի փաստով 2024թ. հուլիսի 07-ին ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության շրջանակում ստացված խիստ նախնական, քննությամբ դեռևս լիարժեք ստուգման ենթակա տվյալներով Կ. Խաչատրյանը նույն օրը՝ ժամը 00։30-ի սահմաններում, իրենց տանը, իրեն ամրակցված «BERETTA APX» տեսակի հրազենը մաքրելու ժամանակ զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով արձակված կրակոցից ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք։ 

Դեպքի վայրի զննությամբ, բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է Կ. Խաչատրյանի մարմինը` աջ աչքի հատվածում հրազենային վնասվածքով։ Առգրավվել է հիշյալ հրազենը, մեկ կրակված պարկուճ, վերցվել են արյան հետքեր։

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական և դատաքիմիական փորձաքննություններ։

Դեպքի հանգամանքները պարզելու համար ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություն։

Նախաքննությունը շարունակվում է»։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում