Ալբերտ Վարդանի Աղանով (ապրիլի 21, 1941(1941-04-21)[1], Ունդուրխան, Ուվս, Մոնղոլիա), խորհրդահայ ֆիզիկոս, ֆիզքիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1986): Թաթարստանի գիտության վաստակավոր գործիչ (1996): «Новости ЯМР в письмах» տեղեկագրի գլխավոր խմբագիր։ Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1996)։ ԱՊՀ միջուկային մագնիսական ռեզոնանսային սպեկտրոսկոպիստների ասոցիացիայի կազմակերպիչներից և փոխնախագահ։ «NMR- ի նորությունները նամակներում» տեղեկագրի խմբագիր։ Թաթարստանի Հանրապետության վաստակավոր գիտնական։ ԽՍՀՄ բարձրագույն կրթության նախարարության մրցանակի դափնեկիր (1971):
Ալբերտ Աղանովը ծնվել է 1941 թվականի ապրիլի 21-ին, Ունդուրխան քաղաքում (Մոնղոլիա)։ 1963 թվականին ավարտել է Կազանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ 1966 թվականից աշխատում է Կազանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։ 1985-1991 թվականներին եղել է ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1991 թվականից՝ դեկան, միաժամանակ միջուկային մագնիսական ռեզոնանսի (ՄՄՌ) լաբորատորիայի գիտական ղեկավար, ԱՊՀ երկրների միջուկային մագնիսական ռեզոնանսի սպեկտրասոպիստների ընկերության փոխնախագահ, «Новости ЯМР в письмах» տեղեկագրի գլխավոր խմբագիր[2][3]։
Աշխատանքները վերաբերում են մոլեկուլային սպեկտրաչափության և դինամիկայի, տարբեր ֆազային վիճակներում գտնվող օրգանական մոլեկուլների և նրանց կոմպլեքսների դինամիկական ՄՄՌ սպեկտրաչափությանը, քիմիական կապերի մագնիսական հատկություններին։