Ավգուստ Բեբելը ծնվել է ենթասպա Յոհան Գոտլոբ Բեբելի և Վիլհելմինա Յոհաննայի աղքատ ընտանիքում։ Բեբելի հայրը մահացել է 1844 թվականին՝ 35 տարեկանում՝ թոքախտից և մայրն ամուսնացել է հորեղբոր հետ, ով 2 տարի անց ևս մահացավ։ Բեբելի մայրը, կորցնելով իր մի քանի զավակներին, ինչպես նաև թոշակ չստանալով, ստիպված էր վերադառնալ հայրենի Վեցլար, որտեղ Ավգուստը սկսեց դպրոց հաճախեց։ 1854-1857 թվականներին Ավգուստը խառատագործություն է ուսումնասիրում[9]։
1860 թվականին մի քանի տարի դեգերելուց հետո Բեբելը հաստատվեց Լայպցիգում։ 1866 թվականին Վիլհելմ Լիբկնեխտի հետ (Կարլ Լիբկնեխտի հայրը) հիմնեց Ռադիկալ-դեմոկրատ սաքսոնական ժողովրդական կուսակցությունը։ Մեկ տարի անց Բեբելն ընտրվեց Աշխատավորների միության խորհրդի նախագահ[10]։ Նախագահ ընտրվելուց հետո Բեբելը կապ հաստատեց Առաջին ինտերնացիոնալի հետ, որի արդյունքում դեմոկրատները բաժանվեցին 2 թևի՝ լիբերալ և բուրժուաական, իսկ մնացած միությունները և Սաքսոնական ժողովրդական կուսակցությունը 1869 թվականին միավորվեցին Սոցիալ-դեմոկրատ աշխատավորական կուսակցության։ Մաքսիմ Կովալևսկու վկայությամբ՝ Կարլ Մարքսը Բեբելին գնահատում էր որպես լավագույնը գերմանական սոցիալ-դեմոկրատիայի առաջնորդներից[11]։
1867 թվականին Բեբելն ընտրվեց Հյուսիսգերմանական միության առաջին ռայխստագի պատգամավոր[9], որտեղ 1870 թվականի նոյեմբերի 26-ին կոչ արեց խաղաղություն կնքել ֆրանսիացիների հետ և հրաժարվել ցանկացած ձևի անեքսիայից և համերաշխություն առաջարկեց Փարիզի կոմունային։ 102 օր ազատազրկման մեջ անցկացնելուց հետո Բեբելը դատավարության ժամանակ Լայպցիգում 2 տարվա ազատազրկման դատապարտվեց՝ պետական դավաճանության համար և 9 ամիս էլ՝ միապետին վիրավորելու համար[12]։ Ազատազրկման ժամանակ Բեբելը զբաղվում էր ինքնակրթությամբ և այդ ժամանակաշրջանը կոչել է «բանտային համալսարան»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 350)։