Դավիթ Գևորգյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Ռաֆիկի Գևորգյան | |
---|---|
Օգոստոսի 12, 1960 - սեպտեմբերի 9, 1992 | |
Ծննդավայր | Ջաջուռ, Ախուրյանի շրջան, ՀՍՍՀ |
Մահվան վայր | Չլդրան, Մարտակերտի շրջան, Արցախ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կոչում | ՀՀ ԶՈՒ շարքային |
Զորամաս |
Արծիվ-մահապարտներ հատուկ նշանակության գումարտակ |
Պաշտոն | Հրանոթաձիգ, սակրավոր և ռազմաէլեկտրիկ |
Մարտեր/ պատերազմներ | ՀՀ Նոյեմբերյանի և Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Դրմբոն, Կիչան, Սրխավենդ, Վաղուհաս Վերին Հոռաթաղ, Հարությունագոմեր, Չլդրան բնակավայրերի ինքնապաշտպանական ու ազատագրական կռիվներ |
Կրթություն | Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոց (1975) |
Պարգևներ |
Դավիթ Ռաֆիկի Գևորգյան, (Օգոստոսի 12, 1960, Ջաջուռ, Շիրակի մարզ - սեպտեմբերի 9, 1992, Չլդրան, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, 1997 թվականի նոյեմբերի 25-ից «Երկրապահ կամավորականների միություն» ՀՀԿ-ի պատվավոր անդամ (հետմահու)։ Ազատամարտիկ Թաթոս Գևորգյանի կրտսեր եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավիթ Գևորգյանը ծնվել է 1960 թվականի օգոստոսի 12-ին Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում։ 1967 թվականին սովորել է Ջաջուռի Մինաս Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցում, ապա 1968 թվականին Դավիթի ընտանիքը տեղափոխվում է Երևան, որտեղ էլ նա հաճախում է Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոց, իսկ 8-րդ դասարանն ավարտելուց հետո 1975-1980 թվականներին սովորել է թիվ 50 պրոֆտեխնիկական ուսումնարանում, ձեռք բերելով ավտոէլեկտրիկի մասնագիտություն։ 1980-1982 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ ներքին զորքերում։ 1982-1984 թվականներին աշխատել է Երևանի Բուսաբանական այգում։ 1984-1986 թվականներին աշխատել է Երևանի Երկրաբանական պայթեցման կենտրոնում։ 1986-1991 թվականներին աշխատել է Երևանի Փորձարարական պրակտոլոգիայի հիվանդանոցում։
Մարտական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականից ակտիվորեն մասնակցել է արցախյան շարժմանը։ 1991 թվականից կամավորագրվել է ազգային ազատագրական պայքարին։ Անդամագրվել է եղբոր՝ Թաթոս Գևորգյանի ղեկավարած «Արամ Մանուկյան» ջոկատին։ Մասնակցել է Հայաստանի սահմանամերձ շրջանների և Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական մարտերին, դրսևորելով որպես հրանոթաձիգ, սակրավոր և ռազմաէլեկտրիկ։
1992 թվականին կամավորագրվել է Վազգեն Սարգսյանի կողմից կազմակերպված «Մահապարտների ջոկատ»-ին, որը հետագայում անվանվեց «Արծիվ-մահապարտներ» գումարտակ։ «Արծիվ-մահապարտներ» գումարտակի 6-րդ դասակի կազմում մասնակցել է Հայաստանի Նոյեմբերյանի և Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Դրմբոն, Կիչան, Սրխավենդ, Վաղուհաս, Վերին Հոռաթաղ, Հարությունագոմեր, Չլդրան բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Եղել է Արծիվ-մահապարտներ հատուկ նշանակության գումարտակի 6-րդ դասակի հրանոթաձիգ։
Չլդրան գյուղի բարձունքներն ամրապնդելու ժամանակ, իր վիրավոր ընկերոջը՝ Արմեն Ժամհարյանին մարտադաշտից դուրս բերելիս, 1992 թվականի սեպտեմբերի 9-ին, Դավիթը հրանոթային արկի պայթյունից զոհվում է։ Զոհվում է նաև նրանց հրամանատար Տիգրանը, որը շտապել էր իր երկու զինվորներին օգնության։
Դասարանի անվանակոչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անվան Երևանի թիվ 48 դպրոցի ռազմագիտության դասասենյակը ՀՀ Պաշտպանության, Կրթության և գիտության նախարարությունների համատեղ որոշմամբ անվանակոչվեց Արծվի-մահապարտ Դավիթ Գևորգյանի անունով[1]։ 2010 թվականի մայիսի 7-ին, դասարանի անվանակոչությանը ներկա էին նախկին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Աժ պատգամավորներ, Դավիթի հարազատները, ընկերները և բարձրաստիճան սպաներ։
Սեյրան Օհանյանն իր երախտագիտությունն է հայտնում Դավիթի մորը, ասելով հետևյալը՝
«Մեր ձեռք բերած հաղթանակները մեզ այնպիսի ուժ ու ոգու կորով են տալիս, որ համզված եմ՝ մեր հետագա հաղթանակներն ապահովված են։ Այսօր մեր բանակը շարունակում է պաշտպանել և պահպանել այն, ինչ Դավիթի և նրա նման քաջերի շնորհիվ ձեռք ենք բերել։ Դավիթները մեզ շատ պետք են, Դավիթներ կլինեն նրանք, ովքեր կպահպանեն մեր ձեռքբերումները»[2]։
Ջաջուռի գյուղական խորհրդի որոշմամբ Դավիթ Գևորգյանի անունով են կոչվել գյուղի գլխավոր փողոցն ու մանկապարտեզը[1][3]։
Թաղված է Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1997 թվականի օգոստոսի 31-ին ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի հրամանագրով, 1992 թվականին նրա ռազմակոչով «Արծիվ» հատուկ գումարտակում կամավորագրվելու համար պարգևատրվել է «Արծիվ Մահապարտներ» կրծքանշանով։
- 1998 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ նախագահի հրամանգրով հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Արիության մեդալով[4]։
- 2011 թվականի մայիսի 9-ին, Արցախյան ազատամարտում ցուցաբերած արիության, Հայաստանի սահմանների պաշտպանության համար պարգևատրվել է «Զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների բարեգործական իրավաբաշտպան» ՀԿ-ի պատվոգրով։
- 2012 թվականին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Արիության համար մեդալով։
- 2012 թվականի մայիսի 7-ին ՀՀ «Երկրապահ կամավորականների միություն» ՀՀԿ-ի կողմից պարգևատրվել է «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով։
- «Ազատամարտիկ» ՌԲՀԿ-ի կողմից հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է «Ազատամարտիկ» մեդալով։
- 2012 թվականի հունվարի 28-ին «Երկրապահ կամավորականների միություն» ՀՀԿ-ի կողմից Հայոց բանակի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է պատվոգրով։
- Պարգևատրվել է «Հաղթանակ» մեդալով։
- «Երկրապահ կամավորականների միություն» ՀՀԿ-ի վարչության նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանագրով պարգևատրվել է միության պատվոգրով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արծվանիստ Զեյթուն, Լևոն Սողոմոնյան, 2007թ., էջ 508
- «Հայ զինվոր», «Ջաջուռցի արծիվը» հոդված, թիվ 18, մայիսի 12-19, 2010 թ., էջ 5
- «Հայ զինվոր», «Արծիվ Մահապարտը» հոդված, թիվ 49, դեկտեմբերի 12-18, 2013 թ., էջ 8
- «Արցախի Արծիվները», «Հերոսը Ջաջուռից» հոդված, Ա. Շիրոյան