Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Jump to content

Հին քարի դար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պալեոլիթից)
Հին քարի դար

Ստորին պալեոլիթ
(մոտ 2,6 միլիոն - 100 հզ տարի առաջ)
Լոմեքվի (3,3 մլն տարի առաջ)
Օլդուվայան մշակույթ (2,6-1,7 մլն տարի առաջ)
Աշելյան մշակույթ (1,7-0,1 մլն տարի առաջ)
Աբբևիլիյան մշակույթ (1,5-0,6 մլն տարի առաջ)
Միջին պալեոլիթ
(300 - 30 հզ տարի առաջ)
Մուստիերյան մշակույթ (300 - 40 հզ տարի առաջ)
Աթերյան մշակույթ (150 - 20 հզ տարի առաջ)
Միքոկյան մշակույթ (130 - 60 հզ տարի առաջ)
Սանգոյան մշակույթ (130 - 12 հզ տարի առաջ)
Հովիսոնս-Պորտի ինդուստրիա (65,8 - 59,5 հզ տարի առաջ)
Էմիրյան մշակույթ (մոտ 60 - 40 հզ տարի առաջ)
Վերին պալեոլիթ
(50 - 10 հզ տարի առաջ)
Բարադոստյան մշակույթ (36 հզ տարի առաջ)
Շատելպերոնյան մշակույթ (35 - 29 հզ տարի առաջ)
Սելեթյան մշակույթ (40 - 28 հզ տարի առաջ)
Ստրելեցյան մշակույթ (մոտ 32 - 30 հզ տարի առաջ)
Օրինյակի մշակույթ (32 - 26 հզ տարի առաջ)
Գրավետյան մշակույթ (28 - 22 հզ տարի առաջ)
Էպիգրավետյան մշակույթ (22 - 12 հզ տարի առաջ)
Սոլյուտրեյան մշակույթ (21 - 17 հզ տարի առաջ)
Բադեգուլյան մշակույթ (19 - 17 հզ տարի առաջ)
Մադլենյան մշակույթ (18 - 10 հզ տարի առաջ)
Զարզիյան մշակույթ (18 - 8 հզ տարի առաջ)
Քեբարյան մշակույթ (18 - 10 հզ տարի առաջ)
Համբուրգյան մշակույթ (14 հզ տարի առաջ)
Արենսբուրգյան մշակույթ (11 հզ տարի առաջ)
Սվիդերյան մշակույթ (10 հզ տարի առաջ)

Հին քարի դարի պորտալ

Հին քարի դար կամ պալեոլիթ (հուն․՝ παλαιός - հին և հուն․՝ λίθος - քար), քարի դարի երեք հիմնական ժամանակաշրջաններից (հին, միջին և նոր) առաջինը։ Սկսում է Երկիր մոլորակի վրա նախամարդու առաջացման պահից։ Վերջինս թվագրում է 3.3 միլիոն տարի առաջ[1] կամ 2.6 միլիոն տարի առաջ[2][3][1]։ Առավել տարածված տեսակետի համաձայն՝ մարդն առաջացել է Աֆրիկա մայրցամաքում[4][5]։

Հին քարի դարը բաժանվում է վաղ (ստորին), միջին և ուշ (վերին) ժամանակաշրջանների։ Վերջինի ժամանակ առաջացել և տարածվել է մարդու ժամանակակից տիպը՝ homo sapiens-ը (բանական մարդ)։ Դարաշրջանը երկրագնդի տարբեր հատվածներում ավարտվել է տարբեր ժամանակներում՝ 14 հազար տարի առաջ (մ․թ․ա․ 12-րդ հազարամյակ)[6][7] կամ 10 հազար տարի առաջ (մ․թ․ա․ 8-րդ հազարամյակ)[8][9]։

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին քարի դարը բրածո մարդկանց, ինչպես նաև այժմ անհետացած կենդանիների բրածոների գոյության դարաշրջանն է: Այն զբաղեցնում է մարդկության գոյության ժամանակի մեծ մասը (մոտ 99%)[3] և համընկնում է կայնոզոյի դարաշրջանի երկու երկրաբանական դարաշրջանների՝ պլեյստոցենի և հոլոցենի հետ։ Հնագետ Պյոտր Եֆիմենկոն պալեոլիթ տերմինը անվանել է «Նախնադարյան հասարակության պատմություն իր ամենավաղ ժամանակաշրջանում»[10]:

Երկրագնդի մեծ մասում կլիմայական պայմանները, բուսական և կենդանական աշխարհը խիստ տարբերվել են մարդկականից։ Մարդիկ օգտագործել են միայն քարե (օբսիդիան, կայծքար և այլն) գործիքներ, զբաղվել որսորդությամբ ու հավաքչությամբ, ձկնորսությունը եղել է սաղմնային վիճակում, իսկ երկրագործությունը, անասնապահությունն ու խեցեգործությունը հայտնի չեն եղել[11]։

Նախնադարի, հին աշխարհի պատմության և անտիկ շրջանի բոլոր ժամանակահատվածների (քարի դար, պղնձի-քարի դար, բրոնզի դար) և դրանց շրջափուլերի հստակ ժամանակահատվածները և սահմանները ընդգծված չեն, քանի որ Երկրագնդի տարբեր հատվածներում դրանք ունեցել են տարբեր տևողություն։ Հնագիտության մեջ ընդունված է նաև «մշակույթ» անվանումը, որն առնչվում է միևնույն ժամանակաշրջանի, տեղական առանձնահատկություններով տարբերվող և որոշակի տարածքում կենտրոնացված հնագիտական հուշարձանների ընդհանրությունը։ Այսպես, քարի դարի վաղ շրջանին կամ ստորին պալեոլիթին առնչվում են երեք շրջափուլ, որոնց հուշարձանները թվագրվում են տարբեր տարիքի՝

Մշակույթների հուշարձաններով, դրանց գտածոներով պայմանավորված՝ հին քարի դարի սկիզբը, ինչպես և հին քարի դարի վաղ շրջանի սկիզբը, թվագրվում է կա՛մ Լոմեքվի մշակույթը՝ 3.3 միլիոն տարի առաջ, կա՛մ Օլդուվայան մշակույթը՝ 2.6 միլիոն տարի առաջ։ Վերջինի մասով, ելնելով այն հանգամանքից, որ Քենիայում գտնվել են նոր հուշարձաններ՝ ավելի վաղ տարիքի, մշակույթի սկիզբ է համարվում նաև 2.9 միլիոն տարին[12]։ Աշելյան մշակույթին զուգահեռ եղել են նաև համեմատաբար կարճատև մշակույթ՝ Աբբևիլյանը։ Աշելյան մշակույթը ունեցել է իր շրջափուլերը՝

  • Մադրասյան՝ ընդգրկել է ժամանակակից Հնդկաստանը, (1,5 մլն տարի առաջ)
  • Սոանյան՝ ընդգրկել է ժամանակակից Պակիստանը, (774-114 հազար տարի առաջ)
  • Կլեկտոնյան՝ ընդգրկել է ժամանակակից Անգլիան, (424-400 հազար տարի առաջ)
  • Մուղարյան՝ ընդգրկել է ժամանակակից Սիրիան, Լիբանանը և Իսրայելը, (400-220 հազար տարի առաջ)
Աշելյան մշակույթի ձեռքի կացին՝ չորս կողմերից

Աշելյան մշակույթը առավել ուշ զարգացել է Հինդուստան թերակղզուց և Աֆրիկայից դուրս, սակայն կարճատև է եղել այլ շրջաններում։ Աշելյան մշակույթի շրջափուլերից մեկը՝ Սոանյանը, ավարտվել է 114 հազար տարի առաջ[13]։ Սա էլ համարվում է հին քարի դարի վաղ շրջանի կամ ստորին պալեոլիթի ավարտը, բայց ոչ՝ միջին պալեոլիթի սկիզբը։

Ստորին պալեոլիթը մարդկության պատմության այն ժամանակաշրջանն էր, երբ սկսվեց համեմատաբար պարզ քարե գործիքների առաջին օգտագործումը ժամանակակից մարդկանց նախնիների՝ Homo habilis-ի կողմից: Հոմո հաբիլիսը Օլդուվայան մշակույթի ժամանակ յուրացրել է քարե գործիքները, որոնք օգտագործվել են որպես կացիններ և քարի միջուկներ։ Այս մշակույթն իր անունը ստացել է այն վայրից, որտեղ հայտնաբերվել են առաջին քարե գործիքները՝ Օլդուվայի կիրճը Տանզանիայում: Այս դարաշրջանում ապրող մարդիկ հիմնականում գոյատևում էին սատկած կենդանիների մսով և վայրի բույսեր հավաքելով, քանի որ այն ժամանակ որսորդությունը դեռ տարածված չէր։

Մոտ 1,7 միլիոն տարի առաջ հայտնվեց ավելի զարգացած մարդկային տեսակ՝ Homo erectus, որով պայմանավորված է Աշելյան մշակույթի տարածումը: Այս տեսակի ներկայացուցիչները սովորեցին կրակ օգտագործել և քարից ստեղծեցին ավելի բարդ կտրող գործիքներ, ինչպես նաև ընդլայնեցին իրենց տարածքները Ասիայի զարգացման միջոցով, ինչը հաստատվում է ժամանակակից Չինաստանի Ժոուկուդյան սարահարթի գտածոներով: Մոտ 1 միլիոն տարի առաջ մարդիկ բնակություն հաստատեցին Եվրոպայում և սկսեցին օգտագործել քարե կացինները: Աշելյան մշակույթի կրողներն էի նաև նեանդերթալյան մարդիկ։ Մարդկանց սոցիալական կազմակերպությունը գտնվում էր պարզունակ հոտի (անկայուն, ձևավորված որսի նպատակով, թշնամիներից, կենդանիներից և տարերքներից պաշտպանվելու համար) փուլում։ Աշխատանքի գործիքներն ընդհանուր առմամբ ամենապրիմիտիվ քարե, փայտե և ոսկրային գործիքներն են։ Տնտեսական գործունեությունը բաղկացած էր հավաքչությունից և որսորդությունից, մարդիկ վարում էին քոչվորական ապրելակերպ։

Հայկական լեռնաշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական լեռնաշխարհը եղել է մարդու բնակության հիմնական օրրաններից։ Այստեղ, բազմաթիվ վայրերում (Հրազդան գետի ափերին, Սիսիանում, Արարատ, Արագած և Արտին լեռների լանջերին ու ստորոտներին, Հայկական Տավրոսի հարավային լանջերին և այլուր) հայտնաբերվել են նախամարդու բնակության կայաններ, որոնցում գտնվել են աշելյան, մուստիերյան և այլ հնագույն մշակույթների հասակակից գործիքներ (ձեռքի հատիչներ, կոպիտ ջարդիչներ, սրածայրեր, քերիչներ, քերթիչներ, միջուկներ, սկավառակներ, զանազան տեսակի շեղբեր և այլն)։ Հայաստանի տարածքում Հին Քարի դարի վաղագույն մնացորդները (շելյան տիպի քարե գործիքներ) առաջին անգամ գտնվել են 1943-1945 թվականներին՝ Արտին լեռան կայաններից (Սատանի դար, Հարավային, Արեգունի բլուրներ), որոնք իբրև քարեդարյան հնավայրեր արժանացել են համաշխարհային ճանաչման։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Toth, Nicholas; Schick, Kathy (2007). «21 Overview of Paleolithic Archeology». In Henke, H. C. Winfried; Hardt, Thorolf; Tatersall, Ian (eds.). Handbook of Paleoanthropology. Vol. 3. Berlin; Heidelberg; New York: Springer Science+Business Media. էջեր 1943–1963. doi:10.1007/978-3-540-33761-4_64. ISBN 978-3-540-32474-4.
  2. "Stone Age, " Microsoft® Encarta® Online Encyclopedia 2007 Արխիվացված 2009-08-20 Wayback Machine © 1997—2007 Microsoft Corporation. All Rights Reserved. Contributed by Kathy Schick, B.A., M.A., Ph.D. and Nicholas Toth, B.A., M.A., Ph.D.
  3. 3,0 3,1 Grolier Incorporated The Encyclopedia Americana. — University of Michigan, 1989. — С. 542. — ISBN 0717201201
  4. Дробышевский, Станислав Владимирович Достающее звено. — М.: Corpus, 2017. — Т. 1. — 668 с. — ISBN 978-5-17-137077-0
  5. Соколов, Александр Борисович Мифы об эволюции человека / Научный редактор доктор биологических наук Е. Б. Наймарк. — М.: Альпина нон-фикшн, 2015. — 390 с. — ISBN 978-5-91671-403-6
  6. '"Modern' Behavior Began 40,000 Years Ago In Africa", Science Daily, July 1998
  7. Հայ ժողովրդի պատմություն
  8. BROMMIAN (LYNGBY) FINDS IN LITHUANIA - Egidijus Šatavičius, The Lithuanian Institute of History, 2006. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2008-04-16-ին. Վերցված է 2007-12-02-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  9. «О древних культурах на псковской земле». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2009-03-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. Отзыв на работу В. И. Громова «Геология и фауна палеолита». 1940. 3 с.
  11. McClellan Science and Technology in World History: An Introduction. — Baltimore, Maryland: Johns Hopkins University Press, 2006. — ISBN 0801883601 Page 6-12 Արխիվացված 2020-02-06 Wayback Machine
  12. Plummer, Thomas (2023). «Expanded geographic distribution and dietary strategies of the earliest Oldowan hominins and Paranthropus». Science. 379 (6632): 561–566. Bibcode:2023Sci...379..561P. doi:10.1126/science.abo7452. PMID 36758076. S2CID 256697931.
  13. Murray, Tim (1999). Time and Archaeology. London: Routledge. էջ 84. ISBN 978-0-415-11762-3.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հին քարի դար» հոդվածին։