Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջնահերթ նշանակություն պետք է տալ Ռուբեն Վարդանյանի և բոլոր հայ բանտարկյալների ազատմանը. Նուբար Աֆեյանի խոսքը՝ «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ

Մայիս 14,2024 16:35

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը 2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության իր ուղերձում Հայաստանի կառավարությանը հորդորել է կարեւորել «Ավրորա» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի եւ բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը։ Նա նաեւ խոսել է շարունակվող տարածաշրջանային ու գլոբալ ճգնաժամերի պայմաններում «Ավրորայի» համաշխարհային ազդեցության մասին՝ միաժամանակ ընդգծելով անհատ-հերոսների նշանակալի դերն այդ մարտահրավերներին դիմակայելու գործում:

Ներկայացվում է «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ Նուբար Աֆեյանի խոսքը որոշ կրճատումներով.
«Այստեղ գտնվողներից շատերը Ռուբեն Վարդանյանին ճանաչել են տասնամյակներով, եւ նրանք ճանաչում էին Ռուբենին՝ որպես այս նախագծի սիրտն ու հոգին: Մեզ եւ հայության՝ հատկապես Սփյուռքի համար շատ ցավալի էր տեսնել մեր եղբոր բանտարկումն իր համոզմունքների եւ մարդասիրական գործունեության համար: Ուզում եմ կոչ անել նախագահին եւ դեսպանին, Հայաստանի կառավարության մեր բոլոր գործընկերներին՝ առաջնահերթ նշանակություն տալ ոչ միայն Ռուբենին, այլեւ բոլոր մյուս հայ բանտարկյալներին ազատ արձակելու հարցին: Ես հասկանում եմ, թե ինչ իրավիճակում է Հայաստանի կառավարությունը, ըստ էության, շրջապատված հիմնականում թշնամական կառավարություններով, որոնք մշտապես ճնշում են: Այնուամենայնիվ, չնայած այդ տեսակ սպառնալիքներին, նրանք պետք է տեր կանգնեն ճշմարտությանը: Ի վերջո, արդարության գնով խաղաղություն փնտրելը ոչ խաղաղություն է երաշխավորում, ոչ էլ արդարություն:

Ես ուզում եմ հետահայաց գնահատել մեր անցած ճանապարհը: Իսկապես, ինչպես այս երեկո դուք բազմիցս լսել եք, այս նախագծի հիմքում «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարն է:

Երախտագիտությունը սերմանվել է մեր բոլորի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների ժառանգների մեջ, եւ երբ մենք հասկացանք, որ միայն շնորհակալությունը, հուշարձանների կառուցումը եւ այլ գործերը բավարար չեն, մենք պետք է իրականում կյանքի կոչեինք այդ զգացողությունը՝ բացահայտելով մերօրյա այն հերոսներին, որոնք, ըստ էության, անում են այն, ինչ արել են մեր նախնիներին փրկողները՝ հնարավորություն տալով նրանց շարունակելու իրենց աշխատանքը՝ ստեղծելով «Երախտագիտությունն՝ ի գործ» նվիրատվության շղթան:
Ինչպես Վարդանն էր ասում՝ երախտագիտությունը չունի վավերականության ժամկետ։ Գործունեություն ծավալելով կենսատեխնոլոգիաների ոլորտում՝ ես հասկացա, որ երախտագիտությունը նման է ցողունային բջջի. այն կրկնօրինակում է ինքն իրեն եւ դիֆերենցվում: Այն անմահ է։

Երբ մենք սկսեցինք «Ավրորան», այն պետք է տեւեր ութ տարի, նույնքան, որքան Հայոց ցեղասպանությունը՝ 1915-1923 թվականներին: Սակայն ժամանակի ընթացքում մենք տեսանք, որ այս նախագիծը կարող է շատ ավելի մեծ եւ երկարաժամկետ դերակատարում ունենալ: Մինչեւ հիմա «Ավրորան» նախաձեռնել եւ աջակցել է ավելի քան 427 նախագծի 56 երկրում եւ տարածքում՝ օգնելով նրանց, ովքեր բախվում են իրենց առողջության, մարդու իրավունքների, ապրուստի միջոցների եւ հաճախ գոյատեւման հետ կապված սարսափելի խնդիրների:

…Հիմա, այս երեկո մենք մեծարում ենք հերոսներին: Միեւնույն ժամանակ ես չեմ կարող անտեսել այս պահի դաժանությունը. հիմա, երբ մենք պատրաստվում ենք հայտարարել «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի նոր դափնեկրի անունը, երբ ութերորդ անգամ շնորհում ենք այս մրցանակը, հայերը կրկին դարձել են էթնիկ զտումների թիրախ, իսկ Հայաստանն ինքը, ինչպես նշեցի, կանգնած է իր ինքնիշխանության եւ ինքնորոշման համար գոյաբանական սպառնալիքների առաջ։

Ես խոսեցի Ռուբեն Վարդանյանի մասին, դուք գիտեք նաեւ համահիմնադիր Վարդան Գրեգորյանի մասին։ Ես ինձ լիովին միայնակ եմ զգում այս գործում, բայց ես չեմ փնտրում կարեկցանք, այլ ակնկալում եմ, որ մտածեք նրանց մասին, երբ մենք անում ենք այս ամենը, երբ անցնում ենք այս ճանապարհը. ես պարզապես ներկայացուցիչ եմ։ Վարդանը մահացավ 2021 թվականին, ու չնայած նա ֆիզիկապես այստեղ չէ, ես գիտեմ, որ երկուսն էլ հոգով այստեղ են։ Ու ինձ հետաքրքիր է, թե ինչ կասեին ու կանեին նրանք։ Փորձում եմ նրանց ոգին ու մտորումները փոխանցել իմ միջոցով: Ես շատ եմ մտածում պարադոքսի մասին։ Վերջին շաբաթների ընթացքում դա ամենուր էր:
Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը, ես բարձրաձայնեցի համաշխարհային նամակով եւ կոչ արեցի քայլեր ձեռնարկել՝ կանխելու հերթական ցեղասպանությունը: Այն հրապարակվել է New York Times, Washington Post եւ London Times պարբերականներում: Միաժամանակ պատրաստվելով այս երեկոյին՝ ինձ նորից ու նորից հիշեցնում էին աշխարհում գոյություն ունեցող վիթխարի բարիքի՝ մերօրյա հերոսների քաջության եւ անձնազոհության մասին:

Զայրույթ եւ բռնություն: Ակնածանք եւ ներշնչանք: Սրանք շատ տարբեր խորհրդածություններ են, եւ, այնուամենայնիվ, կա ընդհանուր մի գիծ: Հայոց ցեղասպանությունը հաճախ անվանում են մոռացված ցեղասպանություն, եւ այսօր Հայաստանը կրկին մոռացված լինելու վտանգի առաջ է:

Բայց դա միայն Հայաստանի խնդիրը չէ: Բազմաբեւեռ ճգնաժամերի այս ժամանակաշրջանում աշխարհի մեծագույն ճգնաժամերից շատերը մնում են աննկատ կամ անտեսվում: Կարեկցանքը չի աշխատում: Այս երեւույթն ունի անուն, այն կոչվում է հոգեկան թմրություն: Ու թեեւ սա հասկանալի է, բայց լավ չէ: Դա է հիմնական պատճառը, որ մենք ստեղծեցինք «Ավրորան» այնպես, ինչպես որ կա: «Ավրորան» մոռացվածի կողքին է, դա մեր ԴՆԹ-ի մեջ է: Մոռացված մարդիկ, մոռացված ճգնաժամեր, մոռացված ցեղասպանություններ: Մենք գիտենք, թե ինչ է նշանակում լինել մոռացված: Մենք գիտենք, թե ինչ սպիներ է այն թողնում: Եվ մենք բոլոր այն մարդկանց կողքին ենք, ովքեր այսօր անցնում են դրա միջով:

Մենք գիտենք նաեւ հերոսական անհատների արտասովոր ուժը։ Նրանք, ովքեր վերապրեցին Հայոց ցեղասպանությունը, նրանց փրկել են ոչ թե կառավարությունները կամ հասարակական կազմակերպությունները, այլ պարզապես ուրիշ մարդիկ:

Այդ ոգով է «Ավրորա» մրցանակը շնորհվում անհատներին՝ մերօրյա հերոսներին, որոնց աշխատանքը կարող է հսկայական ազդեցության ալիք ունենալ: Մերօրյա հերոսների կարիքը երբեք այսքան մեծ չի եղել. ձեր օգնությամբ մենք կշարունակենք ավելացնել նրանց թիվը եւ ընդլայնել «Ավրորայի» ազդեցությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031