Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

«Փետուրով մարդիկ վեր են կացել և ասում են՝ պիտի հարկենք». Բագրատ սրբազանը եկեղեցուն հարկելու մասին

Մայիս 21,2024 21:01

«Իբր ԱԺ խոսնակը, որն իրեն նախագահ է հռչակել, ով միայն ԱԺ ներսում է հոխորտում, ԱԺ-ից դուրս թիկնապահներով բռնում է մարդկանց, որ ինքը վրաները  թքի ու նաև դրա համար ներողություն է խնդրում իր աջակիցներից ու ենթադրյալ հետևորդներից, նաև դրա համար ոչ մի պատասխանատվության չի ենթարկվում, այսօր հարկ է համարել ասելու, որ եկեղեցին պիտի հարկվի»,- սուրբ Աննա եկեղեցու բակում, օրն ամփոփելու ժամանակ, Բագրատ սրբազանն անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ եկեղեցուն հարկելու մասին նախագծին:

Սրբազանը հիշեցնում է՝ եկեղեցին բոլոր հարկերը վճարում է՝ բացի ծիսական պարագաների հետ կապված հարկերից, որոնք օրենքով են սահմանված. «Ժամանակին, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո եկեղեցի-պետություն հարաբերությունների կարգավորման խնդիրներն առաջացան, եկեղեցին, Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, այն բոլոր ռեպրեսիաների դիմաց, որոնք կրել էր սովետական ժամանակաշրջանում, իրավունք ուներ պետությունից ստանալու բոլոր կորուստները, որոնք կրել էր՝ գույքի տեսքով, նյութական այլ արժեքների տեսքով և ընդհանրապես՝ իրավունքների տեսքով։ Հետխորհրդային երկրներում, նույնիսկ նախկին սոցիալիստական երկրներում, մինչև այսօր պետությունը եկեղեցուն վճարում է մեծ գումարներ՝ ի հատուցումն խորհրդային ժամանակ կրած բոլոր զրկանքների։ Միակ եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցին է, որը ոչ մի լումա չի ստացել՝ իր իսկ ցանկությամբ, որպեսզի պետությանը որևէ կերպով վնաս չհասցնի՝ հանձն առնելով իր առաքելությունը, գործունեությունը իրականացնել և կարիքները հոգալ՝ սեփական ջանքերով, առանց փորձելու բեռ լինել պետության վրա։ Հիմա, փետուրով մարդիկ վեր են կացել և ասում են՝ պիտի հարկենք»։

Սրբազանի խոսքով՝ հատուցման պահանջ պետք է դրվի այդ մարդկանց առջև։ Նա հիշեցնում է՝ 19-րդ դարի եկեղեցիներ ունենք այսօր, որոնք այս կամ այն ճանապարհով բռնագրավված են, ավերակների են վերածված. «Հայ եկեղեցու «գույքը»՝ հոգևոր-մշակութային արժեքները, եկեղեցիները պետք է վերադարձվեն եկեղեցուն՝  այն տեսքով, ինչ տեսքով բռնագրավվել են։ «Մոսկվա» կինոթատրոնի տեղում Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին է եղել, որը Սովետական միության ժամանակ  գետնին են հավասարեցրել, Կաթողիկե եկեղեցու կեսից ավելին չկա, և այս ամենի դիմաց ոչ մի անգամ պետությունը  հատուցում չի արել։ Այն բոլոր եկեղեցիները, որոնք  գյուղական միջավայրերում եղել են, այսօր ավերակված են, դրանք տարբեր նպատակների են ծառայեցրել,  և ԽՍՀՄ փլուզումից հետո   այդ ամենի հատուցումը տեղի չի ունեցել։ Եվ երբ մեզ իբր թե վախեցնում են հարկային դաշտով, իրենք պետք է մտածեն այդ բոլորը վերադարձնելու մասին՝ իրենց նախնական տեսքով՝ վերակառուցած, ծառայության պատրաստ։ Չէ՞ որ համարում են, որ 3-րդ հանրապետությունը 2-րդ հանրապետության ժառանգության շարունակողն է։ Ուրեմն նաև՝ պատասխանատվության կրողն է ու նրա մեղքերն ու հանցանքները ստանձնողը, որոնք հատուցման են ենթակա»։

Իր խոսքով՝ այդ մարդիկ պետք է գնան Վեհափառ Հայրապետի առջեւ ծնկի գան, որ այդ գործունեությունը թույլ չի տալիս իրականացնեն:

«Մենք հարկերը վճարում ենք, որ դուք պարգևավճար ստանաք, որ գնաք միլաններում, հունաստաններում՝ ազատ, հանգիստ ման գաք, որ գնաք Ոսկեպարում, Կիրանցում, Բաղանիսում ահաբեկեք ժողովրդին, որ դուք Արցախ հանձնեք, որ բանակը վերածեք չգիտեմ՝ ինչի, կացարանն այրվի, տղաները՝ մեջը. այ «դրա համար» ենք մենք հարկ վճարում ձեզ:

Բայց ամենամեծ ցուցիչն այս մարդկանց մարմիններն են. ինչքան հայրենիքը փոքրանում է, այնքան սրանց մարմինները մեծանում են։ Նույնիսկ ամոթ էլ է, որ ես ասեմ սրա մասին՝ մեր հարկերով եք սնվել, մարդու որդիներ»,-ասաց սրբազանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031