Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատմական ճշմարտության հիշողությունը եւ ճանաչումը կարեւորագույն գործոններ են՝ ապագան կառուցելու համար»․ Կլոդ Վիզլեր

Մայիս 22,2024 13:08

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերն այսօր ելույթ ունեցավ Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից։

«Ես մեկ տարի առաջ այստեղ էի՝ որպես մեր պատվիրակության անդամ։ Որպես Լյուքսեմբուրգի պալատի նոր նախագահ՝ ես պետք է հետ վերադառնայի, հատկապես այն ամենի պատճառով, ինչ տեղի ունեցավ դրանից հետո տարածաշրջանում։ Ես ծանր սրտով եմ դիմում ձեզ՝ տեղյակ լինելով այն ողբերգական իրադարձություններից, որոնք ցնցեցին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը։ Ավելի քան 100 հազար հայ բռնի տեղահանվեցին այն անհիմն ու անարդարացի ռազմական գործողությունների հետեւանքով, որը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին  Ադրբեջանն իրականացրեց։ Որպես մարդասիրական արժեքների եւ հիմնարար իրավունքների երաշխավորներ՝ մենք չենք կարող այս տառապանքին անտարբեր մնալ։ Այս իրադարձությունը ոչ միայն մեծ տեղահանում է առաջադրել, այլ նաեւ սպառնում է Հայաստանի հին մշակութային արժեքներին։ Եվ մենք չենք կարող անտարբեր մնալ Հայաստանի ինքնության եւ պատմության ջնջմանը»,- ասաց նա։

Կլոդ Վիզլերը նշեց, որ պատմական ճշմարտության հիշողությունը եւ ճանաչումը կարեւորագույն գործոններ են՝ ապագան կառուցելու համար։ «2015 թվականին Հայաստանի Ցեղասպանության հուշահամալիրում մեր Պատգամավորների պալատը պաշտոնապես ընդունել է այն վայրագությունները, որոնք արվել են Օսմանյան կայսրության կողմից։ Այս ճանաչումը կարեւոր քայլ էր արդարության համար։ 2020 թվականի հոկտեմբերին ԼՂ երկրորդ պատերազմի ժամանակ Լյուքսեմբուրգի խորհրդարանն ընդունեց միջնորդություն, որը խստորեն դատապարտում էր 1994 թվականի զինադադարը խախտող ռազմական գործողությունները։ Խորհրդարանականները միաձայն դատապարտեցին արտաքին միջամտությունը, հատկապես Թուրքիայի ռազմական աջակցությունը Ադրբեջանին։ Մեր այս կոշտ դիրքորոշումը ցույց է տալիս, որ մենք աջակցում ենք խաղաղությանը, կայունությանը։ Նույն տարվա դեկտեմբերին պատգամավորների պալատը վերահաստատեց  իր դիրքորոշումը՝ շեշտելով, որ կրիտիկական կարեւորություն ունի նախաձեռնելու համապարփակ քաղաքական գործընթացներ, որոնք ուղղված կլինեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանմանը»,- ասաց Կլոդ Վիզլերը։

Նա հայտարարեց, որ միջազգային իրավունքը պետք է պահպանվի, 2023 թվականի նոյեմբերի 17-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը պարտադիր ուժ ունի եւ ասում է, որ այն պետք է ամբողջապես իրականացվի` բոլոր մանրամասներով։ Մենք պահանջում ենք նաեւ, որ Բաքուն անհապաղ ազատ արձակի բոլոր ռազմագերիներին եւ համապարփակ տեղեկատվություն տրամադրի անհետ կորած անձանց մասին։ Արդարությունը եւ մարդասիրությունը պահանջում են, որ այս անձինք ազատ արձակվեն՝ առանց հետաձգման։ Մենք ցանկանում ենք շեշտել մեր աջակցությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որով Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար կճանաչեն տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Եվ սա կբերի խաղաղություն եւ կայունություն տարածաշրջանում»,- հայտարարեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031