Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

Հասանելի դարձնել արյան մեջ գլյուկոզի մակարդակը վերահսկող սենսորային սարքերը․ առաջարկ Առողջապահության նախարարությանը

Մայիս 29,2024 09:30

Նարինեն մինչ օրս չի կարողանում հաղթահարել նյարդաբանական այն խնդիրները, որոնք իր մոտ առաջացան այն դեպքից հետո, երբ գիշերն իր որդուն, որն առաջին տիպի շաքարային դիաբետ ունի, հայտնաբերեց կոմայի մեջ։ Բարեբախտաբար, նրան հաջողվեց դուրս բերել երեխային այդ վիճակից, սակայն երեխայի արյան մեջ գլյուկոզի մակարդակի մշտական հսկողությունը նրա համար դարձավ գերնպատակ։ Երբ Նարինեն կիսվեց իր մտահոգություններով մեզ հետ զրույցում, պարզվեց՝ մեր զրուցակիցներից մեկը ևս առաջին տիպի շաքարային դիաբետի հետ «ծանոթության» մեծ փորձ ունի և պատրաստ է կիսվել խնդիրները հաղթահարելու իր փորձով, և քանի որ շաքարային դիաբետը մեր օրերում հանդիպող ամենատարածված հիվանդություններից է, որոշեցինք մեր զրույց-պատմությունը նաև հրապարակել ձեզ համար։ 

Ալինան պատմում է․ «Իմ աղջկա մոտ շաքարային դիաբետը հայտնաբերվել է 15 տարի առաջ: Շատ ծանր, սթրեսային փուլեր անցանք, քանի որ ծանոթ չէինք այդ հիվանդության հետ, չգիտեինք, թե ինչպես է զարգանալու, բայց բժիշկների օգնությամբ մեծ աշխատանք կատարվեց։ Նրանք մեզ ճիշտ ուղղություն տվեցին, թե ինչպես է պետք հսկողությունն ապահովել և բացատրեցին, որ լավ հսկողության դեպքում հիվանդությունը խնդիրներ չի առաջացնում, և մարդը կարողանում է ապրել իր լիարժեք կյանքով, պարզապես պետք է օրվա ընթացքում մի քանի անգամ գլյուկոմետրով չափել արյան մեջ շաքարի մակարդակը՝ չափումներն անելով հստակ ռեժիմով, ինչպես նաև պահպանել սնվելու նորմալ ռեժիմը։ 

Արյան մեջ գլյուկոզի մակարդակը չափվում է փոքրիկ ասեղի օգնությամբ․ մատը ծակելու միջոցով արյան կաթիլի օգնությամբ գլյուկոմետրը ցույց է տալիս, թե տվյալ պահին ինչքան է շաքարի մակարդակը։ Բայց դա մասնավորապես երեխաների համար ցավոտ ու սթրեսային գործընթաց է, քանի որ այդ պահին երեխայի բնականոն կյանքում փոփոխություն է լինում, նա կարող է լինել դրսում կամ դպրոցում, տարբեր միջավայրերում, մարդկանց ներկայությամբ, որոնք էլ կարող են հետաքրքրվել, թե ինչ է տեղի ունենում։ Դա երբեմն կարող է կաշկանդել երեխաներին, նրանց համար անհարմար վիճակ ստեղծել։  Իմ աղջիկն, օրինակ, շատ հեշտ է հաղթահարել այդ խնդիրը, բայց մեր հասարակությունում դեռ կան ծնողներ ու երեխաներ, որոնք թաքցնում են շաքարային դիաբետով հիվանդ լինելու փաստը, ամաչում են, որ այդ մի բանով տարբերվում են մյուսներից։

Գլյուկոզի մակարդակին հետևելու խնդիրը հատկապես շատ սուր է փոքրիկ երեխաների դեպքում, որոնք, օրինակ, գլյուկոզի մակարդակի նվազման դեպքում կարող են չպատկերացնել, թե ինչ են զգում, ինչ է իրենց հետ կատարվում, որ պետք է այդ պահին որևէ հյութ խմել կամ որևէ ածխաջրային սնունդ ընդունել, և հենց փոքր երեխաների շրջանում ավելի հաճախ են հանդիպում հիպոգլիկեմիայի՝ արյան մեջ գլյուկոզի ցածր մակարդակի  դեպքերը, ինչը շատ վատ ու արագ հետևանքներ է թողնում և կարող է առաջացնել շատ ուժեղ սովի զգացողություն, գլխապտույտ, ուշագնացություն, ընդհուպ մինչև կոմա։ Այս խնդիրները կանխարգելելու համար մշակվել են նոր տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս վերահսկել արյան մեջ գլյուկոզի մակարդակն անընդհատ ռեժիմով։

Գլյուկոզի շարունակական մոնիթորինգ ապահովող սարքը, որից օգտվում ենք նաև մենք, բաղկացած է սենսորից, որը փակցվում է շաքարային դիաբետ ունեցող անձի թևից և անընդհատ հսկում է արյան մեջ գլյուկոզի մակարդակի փոփոխությունները, և քանի որ սարքը կարող է սինխրոնիզացվել հեռախոսների հետ, տվյալ մարդու գլյուկոզի մակարդակի նկատմամբ կարող է հսկողություն ունենալ ինչպես ինքը, այնպես էլ նրա հարազատներն ու բժիշկը՝ ցանկացած վայրում։

Շաքարի տատանումների դեպքում սենսորը միանգամից ցույց է տալիս հեռախոսին, հեռախոսը ձայն է հանում, և մարդն արդեն տեսնում է, թե ինչքան է իր արյան մեջ գլյուկոզի մակարդակն ու հեշտ կառավարում այն՝ չթողնելով, որ բարդանա վիճակը։ Դա շատ հարմար է, քանի որ անգամ գտնվելով Իտալիայում, ես կարողանում էի հսկել իմ երեխայի տվյալները, որը Երևանում էր։

Սակայն այդ սարքերը բավականին թանկ են ու հասանելի չեն բոլորի համար, և անգամ դրանց տեղափոխումն է շատ դժվար, որովհետև այդ սարքերը կոնկրետ որոշ երկրներում են սպասարկվում ու արտադրվում, և լայն տարածում չունեն, Հայաստանում դրանք ներկայացված չեն դեղատներում, և մենք այդ սարքերը գնում ենք ոչ օրինական եղանակով, Գերմանիայից, Անգլիայից ենք գնում, ու դրանք մեզ են հասնում մի քանի ուղղություններ փոխելուց հետո։ Դա բավականին երկար գործընթաց է ու շատերի համար ուղղակի անհասանելի։ Իմ կարծիքով՝ շատ ցանկալի ու անհրաժեշտ կլիներ, որ մեր առողջապահության նախարարության կողմից քայլեր ձեռնարկվեին այդ սարքերը նախ Հայաստանում հասանելի դարձնելու, ապա և անապահով երեխաներին այդ սարքերն անվճար հիմունքներով տրամադրելու ուղղությամբ, քանի որ, ինչպես նշեցի, այդ միջոցները ոչ միայն բարձրացնում են մարդու կյանքի որակը, ձերբազատում հատկապես երեխաների համար ցավոտ՝ մատը պարբերաբար ծակելու գործընթացից, այլև կանխարգելում են առողջական ավելի բարդ խնդիրները, որոնք կարող են առաջանալ գլյուկոզի մակարդակի տատանումների հետևանքով։ Այդպիսի հսկողությունը թույլ կտա հնարավորինս նվազեցնել այն ծանր դեպքերը, որոնց, ցավոք, բախվել է նաև Նարինեն»։ 

Ծանուցում․ Նյութը խմբագրվել է էնդոկրինոլոգի կողմից, կրում է ընդհանուր տեղեկատվական բնույթ և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։ Շաքարային դիաբետը բժշկական լրջագույն հսկողություն պահանջող վիճակ է։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031