Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

Sony Classical-ի արտիստական խմբին միացած երիտասարդ դաշնակահարուհուն երկար ժամանակ կուղեկցի մեր ֆիլհարմոնիկի եւ հանդիսատեսի վարակիչ էներգիան

Հունիս 10,2024 12:00

Աշխարհահռչակ Sony Classical-ը տոնում է իր հիմնադրման 100-ամյակը։ Այն իսկապես առանձնակի ներկայացման կարիք չունի, պարզ պատճառով՝ տարբեր ժամանակներում այս ընկերության արտիստ են հանդիսացել այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Արթուր Ռուբինշտեյնը, Գլեն Գուլդը, Լեոնիդ Գերնշտայնը, Վլադիմիր Հորովիցը, Իգոր Լեվիտը, Միլոշ Կարադավիչը… Հասկանալի է, չէ՞, որ  հնարավոր չէ   թվարկել մեկդարյա պատմություն ունեցող ընկերության արտիստ հանդիսացող բոլոր երաժիշտներին։ Բայց ներկայացնենք Sony Classical-ի արտիստների հեղինակավոր ցանկը վերջերս համալրած դաշնակահարուհի Ջենեբա Քանեհ-Մեյսընին (Մեծ Բրիտանիա), ով «Արամ Խաչատրյան» համերգասրահում մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ հանդես եկավ համաշխարհային դաշնամուրային գրականության ընտիր, հանրահայտ ու սիրված գործերից մեկի՝ Մոցարտի թիվ 23 կոնցերտի անսովոր, բայց յուրատեսակ ու փառահեղ մեկնաբանությամբ։

21-ամյա երաժիշտն արդեն տպավորել է քննադատներին իր «պոետիկ ու վստահ կատարումներով» (The Guardian) եւ «մենակատարին հատուկ վառ ու տպավորիչ կատարումով» (The Sunday Times), «որը գալիս է ուղիղ սրտից եւ ինքնատիրապետմամբ» (BBC երաժշտական ամսագիր)։ Թվարկած հանրահայտ պարբերականների բնորոշումներին մենք էլ ավելացնենք, որ այդ ամենին դաշնակահարուհին հասնում է կարծես առանց ավելորդ ջանքեր գործադրելու։

Օրիորդ Ջենեբայի հետ մեր զրույցը կարծես սկսվեց Երեւանում նրա մեկնաբանած Մոցարտի կոնցերտի «վերլուծությամբ», այն բանից հետո, երբ նրան հիշեցրինք վերջին շրջանում արեւմտյան մամուլում դոմինանտող մի միտք՝ երիտասարդ դաշնակահարուհին հասցրել է արդեն գրավել տարբեր երկրների հանդիսատեսին իր հասունությամբ եւ ստեղծագործությունների չափազանց յուրովի մեկնաբանությամբ։

«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ ուսումնասիրելու դաշնամուրի երկացանկը, բացահայտելու հինն ու նորը եւ կատարելու ավելի շատ կանանց, ինչպես նաեւ հատկապես սեւ եւ էթնիկ փոքրամասնությունների կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Մոցարտն այս կոնցերտը գրել է ընդամենը մեկ օրվա ընթացքում, որը պատկանում է կոմպոզիտորի ստեղծագործական ուշ շրջանի լավագույն եւ հաճախ կատարվող կոնցերտների թվին։ Այստեղ ակնհայտ են կապերը ժողովրդական երաժշտության հետ, օրինակ՝ միջին դանդաղ մասը գրված է իտալական սիցիլիանա պարի ոճով եւ այլն։ Ակնկալելով ձեր հարցը, ասեմ, որ դեռեւս Խաչատրյան չեմ հնչեցրել, բայց գիտեմ, որ աշխարհը, մեծ հաշվով, հայ ազգային երաժշտությանը հաղորդակից է լինում Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների միջոցով։ Հիմա թույլ տվեք գուցե ժամանակից շատ առաջ ընկնել ու կիսով չափ հավաստիացնել, որ Հայաստան երկրորդ այցիս կհանդգնեմ (ժպտում է- Ս. Դ.) ներկայացնել Խաչատրյան։ Իսկ ինչու չեք հարցնում, թե ինչո՞ւ եմ վստահ, որ դարձյալ հրավեր կստանամ Հայաստանի ֆիլհարմոնիկից։ Նախ՝ ես արդեն զգացել եմ, թույլ տվեք չմանրամասնեմ, իսկ երկրորդը՝ առաջին փորձից սիրահարվեցի ձեր նվագախմբի արտիստներին եւ հատկապես մաեստրո Թոփչյանին»,- ասաց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է ընթացիկ տարվա սկզբին Sony Classical-ի հետ բացառիկ համագործակցություն սկսելուն, երաժիշտն ասաց, որ արդեն սկսվել են իր առաջին սոլո ալբոմի  ձայնագրությունները, որը կթողարկվի 2025թ. գարնանը։ Հետո էլ հավելեց. «Ինձ համար մեծ ուրախություն է ու պատիվ միանալ այս ընկերության արտիստների հեղինակավոր ընտանիքին։ Չեմ կարող հիշել մի ժամանակ, երբ դասական երաժշտությունը բացակայել է իմ կյանքից, իսկ դա սկսվել է 3-4 տարեկանից, բեմական կյանքս էլ՝ 5 տարեկանից։ Ընտանիքում յոթ երեխա ենք, ավագը 27 տարեկան, փոքրը՝ 14։ Ոչ հաճախ, բայց երբեմն շրջագայությունների ենք մեկնում բոլորս միասին»։ Ռեպլիկին՝ բայց ամենահաջողակը, ստացվում է, որ դուք եք, դաշնակահարուհին պատասխանեց. «Եթե հարցին այդ տեսանկյունից պատասխանեմ, ապա կարող եմ ընդամենը մեկ նախադասություն ասել՝ ես Քանեհ Մեյսընների երաժշտական ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչն եմ, գուցե դաշնակահար, ջութակահար, թավջութակահար իմ քույր-եղբայրներից ամենահամառը (ժպտում է- Ս. Դ.)»։

Հիշեցնելով Sony Classical-ի շուկայավարման փոխնախագահ դոկտոր Ալեքսանդր Բուրի իրեն ուղղված հետեւյալ միտքը՝ «ոգեւորված ենք, որ Ջենեբան միացավ մեր ընտանիքին եւ իր վարակիչ էներգիան բերեց, ինչի վկայությունն են առաջին հերթին նրա ցանկացած ելույթից հետո հանդիսատեսի հնչեցրած օվացիաները», մեր զրուցակիցն ասաց, որ ինքն էլ ոգեւորված է ոչ միայն Հայաստանի ֆիլհարմոնիկի երաժիշտների եւ դիրիժոր Թոփչյանի վարակիչ էներգիայով, այլեւ հայ հանդիսատեսի ոչ պակաս վարակիչ, բուռն վերաբերմունքից, ինչը երկար ժամանակ կուղեկցի իրեն։

 Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարները՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահից

«Առավոտ» օրաթերթ
08.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930