Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվարից մինչ օրս դեռ 7 դատավոր է պատասխանատվության ենթարկվել

Հունիս 15,2024 14:00

Երեկ Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ ԲԴԽ նախկին անդամ, ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործով: Ըստ ԲԴԽ հրապարակած որոշման. «Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ վերջնական է. որպես պարզաբանում հարկ ենք համարում նշել, որ միջնորդության ներկայացման համար հիմք է հանդիսացել այն, որ դատավորը վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակել եւ վճռի օրինակը դատավարության կողմերին տրամադրել է օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ, ինչի առնչությամբ խորհուրդը հաշվի առնելով դատավորի կյանքում տեղի ունեցող անձնական բացառիկ հանգամանքները, մասնավորապես՝ դատավորի որդու 44-օրյա պատերազմում սխրագործությամբ հայտնի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գեւորգ Արշակյանի՝ պատերազմում հերոսանալու դեպքը, դատավորի հոր մահվան վշտի հանգամանքը, արձանագրում է, որ դատավորը տեւական ժամանակ գտնվել է հոգեբանական ծանր վիճակում, ինչի հետեւանքով չէր կարող կանխել սահմանված ժամկետի խախտումը»:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնվում ՀՀ «Դատական օրենսգրքի» պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի եւ հիմնավորումների շրջանակներում:

Այս տարվա կարգապահական վարույթով անդրանիկ որոշում եղավ 2024 թվականի հունվարի 29-ին. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին ԲԴԽ-ն հայտարարեց նախազգուշացում:

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ էր հանդիսացել արդարադատության նախարարին 21.07.2023 թվականին հասցեագրված եւ արդարադատության նախարարությունում 28.07.2023 թվականին ստացված Հ.Գրիգորյանի դիմումը կամ հաղորդումը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ: Լիազոր մարմնի՝ արդարադատության նախարարի 27.10.2023 թվականի թիվ 79-Ա որոշմամբ դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Դատավորը գրավոր բացատրություն էր տվել: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի 27.12.2023 թվականի թիվ 97-Ա որոշմամբ միջնորդություն էր ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Հունվարի 29-ին ԲԴԽ-ն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին հայտարարեց նկատողություն, միջնորդությունը ներկայացրել էր դարձյալ արդարադատության նախարարը:

Այս գործով, ըստ լիազոր մարմնի. «չի հիմնավորվել իքս դատական գործով վերաքննիչ դատարանի կողմի կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումից շեղվելը: Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այն հարցին, թե ինչ հիմնավորմամբ է, շեղվելով Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից, մինչդատական վարույթն ավարտված լինելու պայմաններում բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած ակտը» կին մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց ընտրված կալանքը փոխելով տնային կալանքով…

Այս գործի մասին մենք նույնպես գրել ենք, Փաշինյանի տղայի առերեւույթ առեւանգման գործով էր…

Փետրվարի 17-ին ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Հովսեփ Բեդեւյանը, Քրիստինե Մկոյանը, Ռուզաննա Հակոբյանը ստացան նկատողություն:

Արդարադատության նախարարության կողմից ուսումնասիրվել է ՄԻԵԴ որոշումը, որը կապված էր «Դարեսկիզբ» ՍՊ ընկերության գործի հետ. «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով» փաստվել էր, որ դատավորների կողմից թույլ են տրվել դատավարական նորմերի խախտումներ: 2008-ի ապրիլի 30-ին «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ՀՀ նախագահի որոշման դեմ, հղում կատարելով Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին, ԶԼՄ օրենքի 2-րդ, 4-րդ հոդվածի 1-2-րդ ենթակետերին հակասող եւ անվավեր ճանաչելու պահանջի մասին: Վարչական դատարանը իր կազմով մերժել է, այդ կազմում էին նախագահող դատավոր Ելենա Սողոմոնյանը, դատավորներ Աշոտ Աբովյանը, Գալուստ Ղարիբյանը, Լարիսա Սոսյանը: Մինչդեռ, լիազոր մարմնի ատամի տակ է ընկել մեկ դատավոր, ու սա առաջին անգամը չէ:

Երբ Սահմանադրական դատարանում վերջերս միակ դռնբաց նիստով քննվեց Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումը, վաստակաշատ դատավորը հենց այս հանգամանքի վրա ուշադրություն հրավիրեց. կոլեգիալ որոշում են կայացրել, իսկ ՄԻԵԴ-ը միայն իրեն է աչքի տակ առել, հետո նույն սխալը կրկնել են լիազոր մարմնում…

Այս գործով Վճռաբեկ դատարանն էլ մերժել է դիմումը ընդունել եւ քննել, եւ ՍՊ ընկերությունը սահմանադրական դատարան է դիմել…ընդդեմ ՀՀ նախագահի գործով, մի բան, որը հետագայում ՍԴ-ում հետեւյալ գնահատականին արժանացավ. դիմումատու ընկերությունը իրավունք չուներ վիճարկելու նախագահի հրամանագրի սահմանադրականությունը, սահմանադրական դատարանում դիմումներ կարող են ներկայացվել, եթե վիճարկվում է օրենքի դրույթների սահմանադրականությունը:

2024 թվականի ապրիլի 4-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին ԲԴԽ-ն հայտարարեց խիստ նկատողություն: Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Իզաբել Աբգարյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Խաչիկյանի կողմից 12.10.2023 թվականին դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով ներկայացված հաղորդումը՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին: Հանձնաժողովը 18.12.2023 թվականի N-Կ-12/2023 որոշմամբ դատավորի նկատմամբ հարուցեց կարգապահական վարույթ: Հանձնաժողովի 19.02.2024 թվականի N-Կ-12/2023 որոշմամբ միջնորդություն ներկայացվեց Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Հանձնաժողովը փաստել էր, որ 18.08.2020 թվականից հետո թիվ 60186920 քրեական գործը դատարանում ստացվել է 11.05.2021 թվականին, երբ վաղեմության ժամկետի ավարտին շարունակում էր մնալ շուրջ մեկ տարի երեք ամիս ժամանակ:

Դատավորը բացատրություն էր ներկայացրել իր վարույթում գտնվող գործերի վերաբերյալ: Մասնավորապես, նշելով, որ 2021 թվականի ընթացքում ստացել է 120 նոր քրեական գործ, իսկ 85 քրեական գործ փոխանցվել է 2020 թվականից, 2022 թվականի ընթացքում ստացել է 129 նոր քրեական գործ, իսկ 153 քրեական գործ փոխանցվել է նախորդող տարվանից, 2021-2022 թվականների ընթացքում շուրջ 126 քրեական գործով կայացրել է վերջնական դատական ակտեր, 2023 թվականի ընթացքում ստացել է 108 քրեական գործ, իսկ նույն տարվա նոյեմբեր ամսվա դրությամբ վարույթում է եղել շուրջ 230 քրեական գործ, որի պատճառով դիմել է խորհրդին՝ իր անուն-ազգանունը գործերի բաշխման ցուցակից ժամանակավորապես՝ 6 ամսով հանելու նպատակով, եւ 27.11.2023 թվականի թիվ ԲԴԽ96-Ո-290 որոշմամբ դիմումն ամբողջությամբ բավարարվել է:

Հունիսի 17-ին նշանակվել են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին, Երեւան քաղաքի քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին, իսկ 18-ին նույն դատարանի դատավոր Անի Աթանեսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ նիստերը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930