Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

«Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան»՝ Երեւանում

Հունիս 15,2024 13:00

Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա մեր տարածաշրջանի համար բացառիկ իրադարձություն՝ միջազգային ճանաչում ունեցող դիրիժոր «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա»-ի կողմից անցկացվող դասընթացները:

Ակադեմիայի կազմակերպիչներն են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան եւ Primavera Foundation of Armenia հիմնադրամը՝ գեղարվեստական խորհրդի նախագահ՝ Վասիլի Պետրենկո:

«Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա»-ի դասընթացները կանցկացվեն հուլիսի 2-6-ը, որոնք նախատեսված են երիտասարդ դիրիժորների համար, վերջիններս կունենան անհատական փորձեր սիմֆոնիկ նվագախմբի հետ եւ կմասնակցեն «Դիրիժորական աշխատանքի գաղտնիքները՝ բեմից դուրս» սեմինարին: Թե՛ նվագախմբային փորձերը, թե՛ սեմինարը կվարի Վասիլի Պետրենկոն: Դասընթացների ավարտին երիտասարդ դիրիժորները մաեստրո Պետրենկոյի հետ կմասնակցեն գալա-համերգին՝ ղեկավարելով այն ստեղծագործությունները, որոնց վրա աշխատել են նախորդող օրերին: Ակադեմիայի փորձերն ու գալա համերգը տեղի կունենան «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Մաեստրո Պետրենկոն նշում է. «Ակադեմիան երիտասարդ դիրիժորներին հնարավորություն կտա պրակտիկ համատեղ աշխատանք ունենալ ավելի փորձառու եւ ավելի հարուստ ճանապարհ անցած մասնագետի եւ պրոֆեսիոնալ սիմֆոնիկ նվագախմբի հետ: Ինձ համար ակադեմիան հաջորդ սերնդի տաղանդավոր դիրիժորների աճի, կատարելագործման եւ հնարավորությունների ընձեռման միջոց է»:

Ակադեմիայի ակտիվ մասնակիցների հայտերն ամփոփվել են սույն թվականի հունիսի 3-ին, ընտրվել են երիտասարդ դիրիժորներ ԱՄՆ-ից, Չինաստանից, Մեքսիկայից, Ռուսաստանից, ինչպես նաեւ Իրան-Հայաստան եւ Նորվեգիա-Ուկրաինան ներկայացնող մեկական մասնակից:

«Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա»-ն տարածաշրջանի համար նախադեպը չունեցող ամենամյա կրթական ծրագիր է, որը մեծ փորձառություն եւ խթան կհանդիսանա երիտասարդ դիրիժորների համար:

«Հայաստանը հրաշալի երկիր է՝ բազմադարյա մշակութային ժառանգությամբ: Դասական երաժշտությունը նույնպես այդ ժառանգության մաս է կազմում. աշխարհին հայտնի են բազում հայազգի կոմպոզիտորներ, սոլիստներ եւ դիրիժորներ: Սակայն հիմա, մի շարք պատճառներով, Հայաստանում բնակվող շատ քիչ երիտասարդ, տաղանդավոր երաժիշտների է հաջողվում ստանալ անհրաժեշտ փորձն ու կրթությունը հետագա կարիերայի համար: Դրա համար ամառային Ակադեմիայի հիմնական խնդիրն է օգնել, կիսվել նրանց հետ իմ փորձով»,-ասել է Պետրենկոն՝ «Երաժշտական կյանք» ամսագրին տված հարցազրույցում  («Музыкальная жизнь» 03.05.24):

Պետրենկոն նաեւ հանդես կգա առանձին համերգով՝ հուլիսի 5-ին ղեկավարելով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Համերգի մենակատարն է ջութակահար Սերգեյ Դոգադինը, ով կկատարի Մենդելսոնի Ջութակի կոնցերտը, կհնչի նաեւ Վեբերի «Էվրիանտե» նախերգանքը եւ Դվորժակի Սիմֆոնիա թիվ 8-ը:

Վասիլի Պետրենկոն հանդիսանում է Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարը (2021-ից) եւ Եվրոպական միության երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը (2015-ից), 15 տարի լինելով Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորը, այժմ հանդիսանում է վերջինիս Դափնեկիր դիրիժորը: Հանդիսացել է նաեւ Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը (2016-2022), Օսլոյի ֆիլհարմոնիկի, Մեծ Բրիտանիայի ազգային երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը (2013-2020): Ելույթներ է ունեցել Բեռլինի ֆիլհարմոնիկ, Լայպցիգի Գեւանդհաուս, Լոնդոնի սիմֆոնիկ, Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Սանտա Չեչիլիայի ակադեմիայի, Ֆրանսիայի ազգային նվագախմբերի հետ, ԱՄՆ-ում՝ Բոստոնի, Չիկագոյի, Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկ եւ այլ նվագախմբերի հետ:

Հանդես է եկել BBC Proms, Էդինբուրգի, Գրաֆենեգգի փառատոներում: Պետրենկոյի երկացանկում կա մոտ 30 օպերային ստեղծագործություն, որոնք նա ղեկավարել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Փարիզի ազգային, Ցյուրիխի, Բավարիայի եւ Միխաիլովյան օպերային թատրոններում եւ Գլայնդեբուրնի փառատոնում:

Ի դեպ, ճանաչված դիրիժորն ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան, որտեղ դասեր է վերցրել դիրիժորական արվեստի այնպիսի հսկաներից, ինչպիսիք են Իլյա Մուսինը, Մարիս Յանսոնսը եւ Յուրի Տեմիրկանովը:

ԱՍՏՂԻԿ ԴԱԼԼԱՔՅԱՆ

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930