Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ քաոտիկ վիճակում վերցրի, որ շպրտեմ մարդկանցից հեռու. դաստակը կորցրած ցուցարարը հերքում է, թե նռնակը վերցրել էր ոստիկանների վրա նետելու համար

Հունիս 15,2024 20:24

Հունիսի 12-ին ոստիկանության կիրառած նռնակի հետևանքով մի ձեռքի դաստակն ամբողջությամբ կորցրած 44-օրյա պատերազմի մասնակից, կամավորական Եսայի Քարամյանը ծառայել է Եղնիկների մոտակայքում գտնվող Տոնաշեն գյուղի դիրքերում: «Հրապարակի» հետ զրույցում նա պատմել է.

«Ցույցը սկսվելուց համարյա ամբողջ ժամանակ տարածքում եմ եղել, մեկումեջ հեռացել ենք ջուր խմելու կամ հովին կանգնելու, բայց գրեթե ամբողջ ժամանակ տեղում ենք եղել: Երբ սրվեց վիճակը ոստիկանները սկսեցին լուսաձայնային նռնակներ նետել, ես Բաղրամյան փողոցում էի, ոչ թե այն հատվածում, որտեղ պայթյունը եղավ, այլ հենց փողոցի մեջտեղում:

Երբ սկսեցին ոստիկանները նռնակներ նետել, մարդկանց գոռոցներ լսվեց, վիրավոր մարդու ձայնի նման էր, ենթադրեցի, որ մարդիկ կան, որ վիրավորվել են, միանգամից մարդկանց արանքը ճղելով, փորձեցի հասնեմ այնտեղ՝ հասկանամ ինչ է կատարվում: Ինչ-որ մեկին կարելի՞ է օգնել, թե ոչ, որովհետև շատ էին պայթյունները՝ մեկ կամ երկու անգամ չէին ու ձայներն էլ այնքան շատ էին ու այն կարգի ձայներ էին, որ ենթադրեցի առնվազն վիրավորներ կան՝ վիրավոր մարդու ձայնը ես տարբերում եմ ուղղակի ջղայնացած մարդու ձայնից:

Մտա այդ հատված, այդ ընթացքում ինձանից բառացիորեն մեկ, երկու մետրի վրա՝ նույնիսկ ավելի մոտ, մի չորս-հինգ հատ պայթեցին կողքս, այդ հեռավորության վրա, որ պայթում է, չգիտեմ նկատել եք, թե չէ, ահավոր ձայն է լինում, մի քանի պայթյունից հետո, հիմա որ հիշում եմ, մի պահ ինձ կորցրել էի, չէի կարողանում տարբերակել, հասկանալ վերևը որն է, ներքևը որն է, կողքը որտեղ է, կանտուզիա վիճակ էր:

Շատ մոտիկ էր պայթյունը ու ինչ-որ բան գլորվեց ոտքերիս տակ… նայեցի ինչ-որ սև, կլոր բան էր, ինձ թվաց այդ պայթած նռնակներից ինչ-որ մեկի բեկորն էր, որովհետև չափերով փոքր էր, չմտածեցի, որ կարող է նռնակ լինի, մտածեցի դրա ինչ-որ մի մասն է, ուղղակի գլորվեց, հիմարություն արեցի, որ վերցրի այդ քաոտիկ վիճակում, որ շպրտեմ մարդկանցից հեռու, որտեղ մարդ չկար կանգնած: Որևէ մարդու ուղղությամբ նետելու ոչ ցանկություն է եղել, ոչ մտադրություն, այդ պահին բնազդաբար են եղել գործողությունները: Այն պահին, որ ուզում էի շպրտել, մի այնպիսի պայթյուն եղավ հենց ձեռքիս մեջ, այնպիսի մի ուժ խփեց դեմքիս, աչքերիս, որ մտածեցի, որ մեռնելը սա է», – ասաց Քարամյանը:

Մի քանի վայրկյան անց ուշքի գալով, տեսնելով ձեռքի վիճակը, հասկացել է, որ շատ վատ բան է կատարվել: Պայթյունների վայր էր շտապել, որ վիրավորներին հանի, արդյունքում իրեն էին քաշել ու դուրս բերել:

Իշխանական քարոզիչներն ու լրատվամիջոցներն էլ փորձում են այնպես ներկայացնել, իբր Եսայի Քարամյանը ոստիկանների ուղղությամբ է փորձել հետ շպրտել նռնակը, ինչին Եսային պատասխանում է, որ նմաններին մարդ էլ չի ուզում անվանել՝ «Իրենք ուղղակի հիմար են, որովհետև, եթե ես նման մտադրություն ունենայի, այնտեղ գնալուց հետո չեմ ասում պայթուցիկ, բայց մի բան վերցրած կլինեի՝ մի քար, երկաթի կտոր և այլն, բայց նման բան ինձ մոտ չի եղել, ոչ էլ նման բան անելու մտադրություն է եղել: Իրենց խղճին թող մնա՝ ես նման մարդկանց մարդ չեմ համարում»։

Քարամյանը պատմում է, որ տարածքում բազմաթիվ տեսախցիկներ կան, թող տեսագրությունները հանեն ու փորձեն մի կադր գտնել, որ ինքը ինչ-որ մարդկանց ուղղությամբ բան է փորձում շպրտել: Բացի, այդ, նշում է, որ հիվանդանոցում իր գրպանից հանել են մետրոյի մեկ ժետոն, ձեռքերը մարզելու համար ռեզին և տան բանալիները:

«Եթե ինչ-որ բան հետս տանեի շպրտելու համար, չէի սպասի, որ բախումներ սկսվեին՝ ինքս առաջինը կշպրտեի»,-ասում է վիրավորում ստացածը:

Հայկա Ալոյան

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

«Առավոտի» կողմից նշենք, որ նաեւ ԱԺ նախագահն էր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել, թե ցուցարարն այդ նռնակը վերցրել էր ոստիկանների վրա շպրտելու համար. «Գնացել, մոտիկացել ու վերցրել է, որ նետի ոստիկանների վրա, ձեռքի մեջ պայթել է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930