Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

«Զորությունը ստանում ենք մեկ նպատակի համար, որպեսզի լինեք մեր տիրոջ Հիսուս Քրիստոսի վկաները». Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն

Հունիս 16,2024 17:57

Հունիսի 16-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն:

Հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, ձեռամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ  Գերաշնորհ Տ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանի, քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող յոթ սարկավագներ:

Պատարագի սրբազան արարողության ընթացքում Մեսրոպ Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին` Սրբալույս Մյուռոնով օծելով քահանանների ճակատներն ու ձեռքերը և շնորհելով նրանց նոր հոգևոր անուններ:

Գևորգ սարկավագ Ստեփանյանը վերակոչվեց Տեր Կարապետ քահանա, Էդգար սարկավագ Օհանյանը՝ Տեր Դավիթ քահանա, Վահե սարկավագ Մկրտչյանը՝ Տեր Բարսեղ քահանա, Սամվել սարկավագ Պապիկյանը՝ Տեր Կորյուն քահանա, Սարգիս սարկավագ Փահլևանյանը՝ Տեր Արսեն քահանա, Հարություն սարկավագ Մելքոնյանը՝ Տեր Շահան քահանա և Գառնիկ սարկավագ Սարդարյանը՝ Տեր Սարգիս քահանա։

Ձեռնադրության ավարտին նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին հավատացյալներին:

Այնուհետև ձեռնադրող Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով քահանայության կարևորությանը, պատգամեց նորընծաներին, որ իրենք քահանայական ծառայության մեջ միայնակ չեն, այլ Սուրբ Հոգին իր զորությամբ կառաջնորդի իրենց։

«Մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասում է՝ «Սուրբ Հոգին պիտի իջնի ձեզ վրա, զորություն պիտի առնեք և լինեք իմ վկաները» (Հմմտ. Գործք. 1.8)։

Զորությունը, սիրելիներ, ստանում ենք մեկ նպատակի համար, որպեսզի լինեք մեր տիրոջ Հիսուս Քրիստոսի վկաները։ Դուք Սուրբ Հոգու շնորհները, զորությունը ձեր ճակատներին, սրտերին ու ձեռքերին կրող քահանաներ եք և Քրիստոսին պիտի վկայեք ձեր ընտանիքներում, ձեր քաղաքում, Հայաստան աշխարհում և աշխարհի տարբեր ծագերում»,- ասաց Մեսրոպ Սրբազանը՝ հորդորելով նորաօծ քահանա հայրերին մշտապես վկայել Քրիստոսի սերը, և իրենց անձերը նվիրաբերել ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի փառս Աստծո։

Սրբազան Հայրը նաև իր երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը քահանայական ձեռնադրություն կատարելու հնարավորություն ընձեռելու համար։

Ապա Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հոգևորականաց դասը բարձրացան Սուրբ Խորան, շնորհավորեցին քահանաներին և համբուրեցին վերջիններիս մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը՝ ստանալով անդրանիկ «Ողջույն»-ը:

Նույն օրը՝ երեկոյան, Սուրբ Գայանե վանքում կկատարվի նաև վեղարի տվչության արարողություն:

Տեր Դավիթ և Տեր Շահան քահանաները վեղար կստանան ու կհամալրեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերը:

Նորաօծ քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930