Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

Ապացուցիր, որ լրագրողը «պ…» ու «լիրբ» է. Փաշինյանի աջակիցը Հռիփսիմե Ջեբեջյանի գործով նիստին ոչ մի ապացույց չկարողացավ բերել ու դատարան չեկավ

Հունիս 19,2024 00:22

Այսօր Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սարգիս Արմենակյանի նախագահությամբ կայացավ Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանն ընդդեմ Խաժակ Թանանյանի գործով նիստը, որի ժամանակ հետազոտվեցին ապացույցները:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023-ի հուլիսի 25-ին տեղի ունեցած հայտնի մամուլի ասուլիսից հետո վիրավորանքների և ոտնձգությունների արշավ էր սկսվել լրագրողների, հատկապես՝ Հռիփսիմե Ջեբեջյանի եւ «NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանի նկատմամբ: Ասուլիսից հետո նրանց հասցեին համացանցում եւ էլեկտրոնային նամակներում տարածել էին սպառնալիքներ, ծանր վիրավորանքներ եւ ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր:

Փաշինյանի աջակիցներից մեկը՝ «Խաժակ Թանանյան» անունով օգտատերը ֆեյսբուքյան իր էջում տարածել էր մի կոլաժ, որտեղ մի մեծահասակ կնոջ հետ լրագրողի լուսանկարն էր, վրան գրված՝ «Ես եմ էս լրբի մորքուրը, բայց ես նման բան չեմ ասել էս պոռնիկին»:
Մեկ այլ գրառմամբ էլ տարածել էր Հռիփսիմե Ջեբեջյանի նկարը՝ վրան գրված. «Տո ես քո մաման է՛լ, մամայիդ մաման է՛լ, մամայիդ մորքուրն էլ ՎՐԵՆ»:

Լրագրողը հայց էր ներկայացրել դատարան՝ պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու եւ պահանջել ներողություն եւ 400 հազար դրամի բռնագանձում՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Նախորդ դատական նիստում դատարանը բավարարել էր հայցվոր կողմի միջնորդությունը ու որոշել էր Խաժակ Թանանյանին հարցաքննության կանչել դատարան: Մինչ այդ նա որեւէ նիստի չի եկել բավական չի, տարբեր պատճառաբանություններով անընդհատ փորձել է հետաձգել նիստը՝ էլ դատավորին մի քանի անգամ բացարկ հայտելով, է՛լ հայցային վաղեմության ժամկետի հարց դնելով ու իրավունքի չարաշահում անելով:

Այսօր Թանանյանը դարձյալ չէր եկել հարցաքննության ու նիստից քիչ առաջ ուղարկել էր բժշկական տեղեկանք, ըստ որի, ինքը տեղաշարժի, երկար ճանապարհ գնալու հնարավորություն չունի:

Հռիփսիմե Ջեբեջյանի ներկայացուցիչ Ռազմիկ Բաղդասարյանը տեղում Google map-ով ցույց տվեց, որ Իջեւանի նստավայրը, որտեղ այդ պահին ընթանում էր նիստը, պատասխանողի բնակության վայրից 910 մետր հեռավորության վրա է գտնվում, 4 րոպեում կարող էր հասնել, ուստի ասել, որ առողջական վիճակը թույլ չի տալիս երկար ճանապարհ անցնել, անհիմն է:

Ամեն դեպքում հայցվորը որոշեց չպնդել, որ Թանանյանին դատարան բերման ենթարկելու ու հարցաքննելու որոշում կայացվի, ուստի դատարանն անցավ ապացույցների հետազոտմանը:

Խաժակ Թանանյանը հայցադիմումի պատասխանում նշել էր, թե լուսանկարի վրա պատկերված խոսքը հասցեագրված չէ հայցվորին, քանի որ նշված չէ նրա անունը, ազգանունը, հայրանունը կամ անձը նույնականացնելու համար անհրաժեշտ որեւէ տվյալ: Այսինքն, լրագրողի լուսանկարը, ըստ պատասխանողի, չի համարվում անձի նույնականացման տվյալ: Պատասխանում նշել են, թե՝ «պարադոքս» է, ինչու է լրագրողը ինքն իրեն նույնականացրել այդ նկարում գրված մարդկային բնույթ բացահայտող «պոռնիկ» եւ «լիրբ» բնորոշումների հետ:

Դատարանը ապացույցների բեռը բաշխելիս որոշել էր, որ հայցվորը ապացուցի, որ Խաժակ Թանանյանի կողմից է ֆեյսբուքում կատարվել այդ գրառումը եւ որ նա ունեցել է դիտավորություն:

Դատարանում հետազոտվեց Հռիփսիմե Ջեբեջյանի ներկայացրած տեսանյութը Խաժակ Թանանյանի ֆեյսբուքյան էջի, որտեղ մանրամասն երեւում է էջի բովանդակությունը, կան իր հետ նույնականացվող լուսանկարները, վիրավորանքներով հրապարակումը, մեկնաբանությունները: Տեսանյութերով դատարանում ցույց տրվեց, որ Թանանյանն ունեցել է դիտավորություն, քանի որ վիրավորական հրապարակումներն ու մեկնաբանությունները ունեցել են պարբերական բնույթ, վիճելի գրառումից առաջ էլ, հետո էլ նույն վարքագիծն է ունեցել, այլ օգտատերերի էջում, մասնավորապես՝ Դիանա Մարտիրոսյանի էջում թողել է լրագրողի լուսանկարով վիրավորական մեկնաբանություններ, կիսվել է Ջեբեջյանի ու լրագրող Անի Գեւորգյանի նկարներով ու «լրագրո՞ղ թե՞ անբարոյական» գրառմամբ նյութով, որտեղ մասնավորապես նշված է. «Իզուր չէ, որ ոչ մի նորմալ մարդ էս տհասներին չի ցանկանում հարցազրույց տալ, քանի որ գիտեն, թե այս պուտանկեքը ով են»:

Դատարանին հայցվորը պետք է ապացուցեր, որ այդ վիրավորական լուսանկարները անմիջականորեն Հռիփսիմե Ջեբեջյանին են հասցեագրված: Տեսագրությամբ ու լուսանկարներով, էկրանապատճեններով դատարանին ցույց տրվեց, որ Խաժակ Թանանյանը այդ գրառումներում օգտագործել է Հռիփսիմե Ջեբեջյանին անմիջապես նույնականացնող տվյալ՝ լուսանկարը, ընդ որում՝ հենց ասուլիսից հանված, սքրին արած: Այն, որ թիրախը հենց Հռիփսիմե Ջեբեջյանն է, երեւում է նրա մյուս գրառումներից ու մեկնաբանություններից եւս, որովհետեւ դատարանին ներկայացված մեկ այլ լուսանկարում Ջեբեջյանի նկարը կցել, կոլաժ է սարքել ուրիշի հետ:

Դատարանում ներկայացվեց նաեւ ապացույց տեսագրություն, որ Թանանյանը այդ վիրավորական գրառումներն արել էր հրապարակային՝ այն տեղադրել էր 3200 հետեւորդ ունեցող էջում: Ներկայացված տեսանյութում երեւում էր, թե Հռիփսիմե Ջեբեջյանին հասցեագրված  վիրավորական գրառումը քանի հոգի է կիսվել, մեկնաբանել ու ինչպիսի մեկնաբանություններ են թողել գրառման տակ, որոնք չեն հեռացվել:

Դատարանում Խաժակ Թանանյանը պետք է ապացուցեր, որ այդ գրառումները եղել են ստույգ փաստերի հիման վրա կամ եղել է գերակա հանրային շահ, որ լրագրողի նկարի վրա պոռնիկ գրի: Այսինքն, պետք է ապացուցի, որ լրագրողը լիրբ ու պոռնիկ է: Հետո պետք է ապացուցի, որ ներկայացված փաստերը սուտ են, անհիմն են, եւ որ Խաժակ Թանանյանը դրա հետ կապ չունի: Բայց որեւէ ապացույց այդպես էր չէր ներկայացրել դատարան:

Դատաքննությունն ավարտվեց եւ հուլիսի 10-ին կհրապարակվի այս գործով դատավճիռը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Nara says:

    Սաղ հեչ, իսկ Ջեբեջյանը բերանը լվա՞ց ոնց որ Գալստանյանն էր հորդորել։ Իսկ ինչի համար էր նման վիրավորական արտահայտություն թույլ տվել սրբազանը և արդյոք նրան ամեն ինչ կարելի է ու ներելի է՞

    • Դուք Ձեր հարցադրումը կառուցել եք մոնտաժված տեսանյութի հիման վրա: Բագրատ սրբազանը լրագրողին չէ, որ վիրավորում էր: Սակայն այդ անզգույշ արտահայտության համար արդեն բազմիցս ներողություն է խնդրել: Հուսանք, որ երբեւէ ներողություն կլսենք նաեւ լրագրողին թիրախավորած այլ գործիչներից:

    • Հռիփսիմե Ջեբեջյան says:

      Սաղ հեչ, Nara, մոնտաժված ու կոնտեքստից կտրված տեսանյութից երբ եզրակացություն եք արել, ձեր ի՞նչն եք լվացել: Ո՞վ է ձեզ ասել, որ որևէ մեկին ամեն ինչ կարելի է, առավել ևս զազրելի է, երբ կնոջ որևէ մասի լվանալու հարցով է տառապում մեկ այլ կին՝ անտեղի թիրախավորելով նրան: Ասեմ՝ իմ մարմնի բոլոր մասերը լվացված են, բացառությամբ ուղեղի, որը թարսի պես շատերի մոտ ոչ միայն լվացել են, այլև տեղ-տեղ թափել:

  2. Nara says:

    Աննա Իսրայելյան։ Դուք ձեր մեկնաբանության մեջ իրարամերժ մտքեր եք ասում։ Եթե մոնտաժված տեսանյութ էր ապա ինչու էր ըստ ձեզ ներողություն խնդրել սրբազանը։ Կասեր մոնտաժել են ես նման բան չեմ ասել։ Ուրեմն ասել է։ ըստ ձեզ հետո ներողություն է խնդրել բայց որտեղ ինչի համար։ Զգու՞մ եք չէ որ կողմնակալ մոտեցում ունեք։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930