Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր միջազգային կոնսենսուս կա, որեւէ մեկը չի մերժում, որ արցախցիները պետք է վերադառնան, բայց ինչպե՞ս, ի՞նչ երաշխիքներով»․ Լեռնիկ Հովհաննիսյան

Հունիս 19,2024 16:43

«Պետք է ամեն ինչ անենք, որ Արցախի հարցը չփակվի, մեզնից կախված ամեն ինչ պետք է անենք, որպեսզի նորից վերադառնանք մեր արմատներին»,- այսօր արցախցիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱՍԵ Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։

Նա ասաց, որ գրասենյակ են հիմնել, որի ուշադրության կենտրոնում մասնավորապես Արցախի պատմամշակութային ժառանգության հարցն է լինելու։ «Ճիշտ է, մեզ էթնիկ զտման ու բռնագաղթի են ենթարկել, բայց մեր արմատները այնտեղ են՝ ի դեմս մեր եկեղեցիների, խաչքարերի, մեր պատմամշակութային ժառանգության։

Մենք գրեթե ամեն օր սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում տեսնում ենք Արցախում մեր հուշարձանների ոչնչացման, պղծման դեպքեր։ Եվ այս ամենը շարունակական բնույթ է կրելու, եթե մենք ամեն օր չբարձրաձայնենք այդ խնդիրները։ Այս գրասենյակն այդ ամենը համակարգելու միտում ունի։ Մենք ամեն օր էլ այդ ուղղությամբ աշխատում ենք, շաբաթ չկա, երբ ես զեկույց չեմ ուղարկում այս կամ այն միջազգային կառույցներին, որոնք զբաղված են հակամարտության գոտիներում հուշարձանների պահպանման հարցերով։

Մյուս կարեւոր ուղղությունն արտաքին քաղաքականության ուղղությունն է։ Այսօր միջազգային կոնսենսուս կա, որեւէ մեկը չի մերժում, որ արցախցիները պետք է վերադառնան, բայց ինչպե՞ս, ի՞նչ երաշխիքներով։

Այսօր Հայաստանի իշխանությունները բազմաթիվ խոչընդոտներ են հարուցում Արցախի ընտրված Ազգային ժողովի գործունեության համար, իսկ Արցախի թեմը փաստորեն միակ լեգիտիմ մարմինն է։ Դրա համար ամեն ինչ պետք է կենտրոնացնենք Արցախի թեմի շուրջ, որպեսզի կարողանանք մեր իրավունքների մասին հարցադրումներն անել»,- ասաց նա։

Լեռնիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Սփյուռքում գործող տարբեր կառույցներ դատական հայցեր են ներկայացնում Ադրբեջանի դեմ։ Օրինակ՝ հայց է ներկայացվել Միջազգային քրեական դատարան՝ Իլհամ Ալիեւին պատասխանատվության ենթարկելու համար։ «Կարող է ասեք՝ դրանից ի՞նչ օգուտ, բայց երբ Բեյրութում հանդիպեցինք Միջազգային քրեական դատարանի հիմնադիր Լուիս Մորենո Օկամպոյի հետ, ինքն ասաց՝ հիմա ձեզ համար թղթեր հավաքելու ժամանակն է, միջազգային իրավական փաստաթղթեր պետք է հավաքեք։ Ասում էր՝ եթե դուռը փակ է ձեզ համար, պատուհանով մտեք, բայց ամեն օր խոսեք այդ մասին, ամեն օր պայքարեք»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930