Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս շարժումը Նիկոլ Փաշինյանին ուժեղացրեց»․ Էդմոն Մարուքյանը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, Նիկոլ Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի կապի մասին

Հունիս 19,2024 17:58

«Նրանք, ովքեր սրբազանին իր ոտքով տարել են Սերժ Սարգսյանի տուն, նրանք, ըստ էության, շարժումը մատաղ են արել, զոհաբերել են Սերժ Սարգսյանին»,-ֆեյսբուքյան տեսաուղերձում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին խոսելով՝ նման կարծիք հայտնեց Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք, Էդմոն Մարուքյանը նախորդիվ պահանջել էր սրբազանից՝ քաղաքական գնահատական տալ նախորդ ռեժիմին եւ երաշխիքներ, որ որեւէ ձեւով նրանց վերադարձի փորձ չի լինելու․ «Նաեւ ճանապարհ էի ասել՝ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս ՀՀԿ նախագահի պաշտոնից, Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է՝ չի մասնակցելու որեւէ գործընթացի, նրա տղան է մանդատը վայր դնում։ Խոսքը գնում է նաեւ նրանց շուրջ հավաքված սատելիտներին եւ սրբազանը գնում է մի անաղարտ ճանապարհով, որտեղ կա ընդդիմադիր ընտրողների 50-ից ավել տոկոս մարդ»։

Ապա մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ Սերժ Սարգսյանն ու սրբազանը հանդիպել են երրորդ նախագահի՝ Ձորաղբյուրում գտնվող տանը։ Այս ամենն ինդիկատոր էր Էդմոն Մարուքյանի համար՝ հասկանալու, որ սրբազանը գնացել է հակառակ ճանապարհով։

Սրբազանն, ի դեպ, պատասխանել էր Էդմոն Մարուքյանի այս առաջարկին՝ ասելով, որ շարժմանը «քաղաքական ակնոցներով» պետք չի նայել, այն քաղաքակրթական եւ արժեհամակարգային է։ Իսկ շարժման համակարգողներից Գառնիկ Դանիելյանն էլ Էդմոն Մարուքյանին մեղադրել էր՝ անձնական հարցեր լուծելու մեջ։

Էդմոն Մարուքյանին հատկապես վիրավորել է, որ սրբազանն «իր ոտքով» գնացել է Սերժ Սարգսյանի տուն, ավելին, դա «ֆունդամենտալ անարգանք» է համարում այն բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր հրավիրվել են սրբազանի հետ հանդիպման՝ հյուրանոցում։ Նաեւ եզրակացրել է՝ սրբազանը փորձառու չէ, ու ՀՅԴ-ից Գառնիկը (ազգանունն ասում է՝ չի հիշում) եւ մյուսները նրան համոզել ու տարել են Սերժ Սարգսյանի տուն։

Էդմոն Մարուքյանի համար հաջորդ ինդիկատորը եղել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը շարժման վերաբերյալ՝ մեղադրելով Ռոբերտ Քոչարյանին եւ Վեհափառին շարժումն ուղղորդելու մեջ․ «Եթե ուշադիր լինենք, նա չտվեց Սերժ Սարգսյանի անունը։ Հիմա սրբազանը պետք է բացահայտի կամ սրբազանի կողքի գտնվող մարդիկ, ովքեր նրան տանում են Սերժ Սարգսյանի տուն․ օրինակ՝ Գառնիկը։ Գառնիկ ջան, կարո՞ղ է բացահայտես, բացես էդ քարտերը, եթե քարտեր պետք է բացվի, քարտերը դու բացես, թե ո՞նց եղավ, օրինակ, Սերժ Սարգսյանի անունը չի տալիս Նիկոլ Փաշինյանը, այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը ձեր կողքին ավելի շատ մարդ ուներ ներդրած, ակնհայտ երեւում է, քան Ռոբերտ Քոչարյանը։ Ի՞նչ գործարք կա ձեր մեջ, ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ եք պայմանավորվել։ Այդ ընթացքում, Սերժ Սարգսյանն արդարացվում է դատարանում, այն դատարանում, որը որ ձեր պնդմամբ, քաղբանտարկյալ է դարձրել Արմեն Աշոտյանին։ Ժողովուրդ, կողմնորոշվեք․ հիմա դատարանն արդա՞ր է, թե Սերժ Սարգսյանին արդարացնում է, որովհետեւ այդպես էր պետք, Աշոտյանին պահում են, որովհետեւ էդպես է պետք»։

«Այս շարժումը Նիկոլ Փաշինյանին ուժեղացրեց, ՔՊ-ին, կառավարող մեծամասնությանը շատ ուժեղացրեց»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ անցած օրերի ընթացքում լուռ էր, սպասում էր՝ ինչ-որ հանգուցալուծում լինի, որ չասեին՝ պառակտում եք եւ այլն։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Բոլոր իշխանությունների ժամանակ բազմապատիկ անգամ այս տարած հետբերածին թվում է, թե իշխանության կողմից իր նման գործուղված “ընդդիմադիրին” հավատացողներ կան։ Քաղաքական հեղհեղուկ տեղաշարժերով լեցուն կենսագրությունդ շատերը գիտեն, այնպես որ դու այդքան չկաս, որ Բագրատ Սրբազանին քննադատես։ Պառակտելու գործում լավ ես, բայց այս անգամ դա քո մոտ չի ստացվի, հենց հիմա նիկոլին զեկուցիր, որ նրա տված այս մի հատուկ հանձնարարությունը չես կարողանում կատարել։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930