Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

413 բուժառուից 342-ն երեխաներ էին․ անհատույց ընդունելություն ու դասընթաց Սյունիքում

Հունիս 19,2024 19:35

Գինեկոլոգ-մամոլոգ, մանկական էնդոկրինոլոգ, մանկական դիմածնոտային վիրաբույժ, մանկական ալերգոլոգ, մանկական վիրաբույժ, մանկական ուրոլոգ, մանկական երիկամաբան, մանկական վարակաբան, մանկական օրթոպեդ եւ մանկական նյարդավիրաբույժ․ երկու օր  Երեւանի  «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի  մասնագետները Կապանում ու Գորիսում անվճար խորհրդատվություն տրամադրեցին բուժառուներին, անհրաժեշտության դեպքում հետազոտելով  նրանց։ Բժիշկներին դիմած 413 բուժառուից  342-ն երեխաներ էին։

Կապանցի Անահիտ Խաչատրյանի 11-ամյա տղան առողջական խնդիրներ ունի։ Կապանում  բուժհետազոտություն է անցել, բայց խորհուրդ են տվել, որ տղային մայրաքաղաք տանի, քանի որ մարզում նեղ մասնագիտական բժիշկներ չկան։ Ի դեպ՝ նկատենք, որ վերջերս  «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում իրականացված «ՀՀ Սյունիքի մարզի 7 համայնքների սոցիալական ծառայությունների հետազոտություն»-ում նշված է, որ Սյունիքի մարզում  հատուկ եւ կլինիկական հոգեբանների, մանկական նյարդաբանների եւ մանկական հոգեբույժների, ծերաբույժների խիստ կարիք կա։

«Հետազոտեցին՝ վտանգավոր ոչինչ  այս պահին չկա, մի քիչ հանգստացա, առաջիկայում Երեւան կտանեմ՝ վերջնական ախտորոշման»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց տիկին Անահիտը։

Գորիսի ու Կապանի պոլիկլինիկաներում  մասնագետները նաեւ կանանց կրծքագեղձի անվճար սոնոգրաֆիկ հետազոտություն անց կացրին։

Բացի բուժառուների անհատույց ընդունելությունից, «Ուիգմոր»-ի թիմը շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ)  կրեդիտավորված դասընթացներ անցկացրեց մարզի  բուժաշխատողների համար։ Այս ծրագիրը համատեղ իրականացվում է «Առողջապահության ազգային ինստիտուտ»-ի հետ։ 2023թ.-ին Հայաստանի բոլոր մարզերում անցկացրած նման դասընթացներին մասնակցել է  662 բժիշկ,  առաջնային օղակի 826 բուժքույր,  մանկապարտեզներում ու դպրոցներում աշխատող  482 բուժքույր եւ 121 մանկավարժ։

Գորիսում ու Կապանում այս անգամ ՇՄԶ դասընթացին մասնակցեց 117 բուժաշխատող։ «Կրթությունը զարգացման հիմնաքարն է եւ, միայն շարունակաբար կրթվելով, գիտելիքը միմյանց փոխանցելու մշակույթ կերտելով, կարող ենք դրական փոփոխություններ բերել մեր ոլորտում։ Մարզային այցերի ժամանակ նաեւ մեր գործընկերների հետ կիսում ենք «Ուիգմոր»-ում կիրառվող նորագույն ապացուցահեն չափանիշներն ու մոտեցումները»,-մեզ հետ զրույցում նշեց հիվանդանոցի  կրթական եւ սոցիալական ծրագրերի ղեկավար Կարինե Աբելյանը։

Սյունիքը 5-րդ մարզն է, որ ընթացիկ տարում այցելում են «Ուիգմոր»-ի բժիշկները։ Նրանք արդեն եղել են Արարատի, Արագածոտնի, Արմավիրի ու Կոտայքի մարզերում։ Մարզային կրթական այցերը շարունակվելու են եւ մասնագիտական  թիմը մինչեւ տարեվերջ կլինի մնացած մարզերում։ Նշենք՝ որ անցած տարի այցելելով բոլոր մարզերը՝ անվճար խորհրդատվություն է տրամադրվել 985 փոքրիկ բուժառուի։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930