Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքի ղեկավարը հողամասի սեփականատիրոջը ինքնակամ կառույցի օրինականացման համար սահմանված վճարը մուծելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու փոխարեն, որոշմամբ թույլատրել է ջերմոց կառուցել

Հունիս 20,2024 14:19

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Արարատի մարզի համայնքներից մեկի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ս. Բ.-ն, տեղեկացված լինելով տնտեսական գործունեություն ծավալող խոշոր ընկերություններից մեկի սեփականատեր Դ. Ղ.-ի կողմից նույն մարզի Շահումյան համայնքում գտնվող և ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առանց համապատասխան թույլտվության 265961,82 քմ մակերեսով ջերմոցային համալիր կառուցելու մասին, անձնական շահագրգռվածությունից ելնելով, Դ. Ղ.-ի դրդմամբ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես՝ Դ. Ղ.-ն մեկ այլ ընկերության տնօրեն Ա. Բ.-ի օժանդակությամբ համայնքապետին ներկայացրել է վերը նշված հողամասերը շինություններով ծանրաբեռնված չլինելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր: Դրանց հիման վրա համայնքի ղեկավար Ս. Բ.-ն, խախտելով ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները, վերը նշված ինքնակամ կառույցի օրինականացման համար սահմանված՝ 438 մլն 837 հազ. ՀՀ դրամ վճարը համայնքի բյուջե մուծելու վերաբերյալ հողամասի սեփականատեր Դ. Ղ.-ին առաջարկություն ներկայացնելու փոխարեն, 2018 թվականի դեկտեմբերի 12-ին կայացրած որոշմամբ ՍՊ ընկերությանը թույլատրել է վերը նշված հողամասերում իրականացնել ջերմոցային համալիրի կառուցման շինարարական աշխատանքներ:

Այնուհետև, հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով 2021 թվականի օգոստոսի 23-ին Ս. Բ.-ն դարձյալ կազմել է պաշտոնական կեղծ փաստաթուղթ հանդիսացող՝ ջերմոցային համալիրը շահագործման պատրաստ լինելու մասին ավարտական ակտը՝ այդ կերպ հիմքեր ստեղծելով առանց համապատասխան վճարի օրինականացնել նշված ինքնակամ շինությունը, որի հետևանքով առանձնապես խոշոր չափերով՝ 438 մլն 837 հազ. ՀՀ դրամը չի մուտքագրվել համայնքապետարանի բյուջե:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ վերը նշված ՍՊԸ-ի կողմից կառուցվող ջերմոցային տնտեսության նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող անձը ՍՊԸ-ի տնօրենի դրդմամբ, 2021 թվականի օգոստոսի 20-ին կազմել է ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի կեղծ ակտ այն մասին, որ 12.12.2018 թվականին ընկերությանը տրված  ջերմոցային համալիր կառուցելու շինթույլտվության հիման վրա իրականացվող աշխատանքները սկսվել են 21.01.2019 թվականին և ավարտվել՝ 30.09.2019 թվականին, այնինչ նախաքննությամբ հիմնավորվել է, որ տվյալ ջերմոցային համալիրի կառուցման աշխատանքներն ավարտվել են դեռևս 2018 թվականի ապրիլ-հունիս ամիսների ընթացքում:

Նախաքննության ընթացքում ՍՊԸ տնօրեն Դ. Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, Ա. Բ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համայնքի ղեկավար Ս. Բ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/:

2024 թվականի հունիսի 11-ին մեղադրյալ Դ. Ղ.-ի կողմից ամբողջությամբ վերականգնվել է հանցագործությամբ պատճառված վնասը՝ շուրջ 439 միլիոն ՀՀ դրամը:

2024 թվականի հունիսի 17-ին միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին հիշյալ  մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումները քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու և գործուն զղջալու հիմքով դադարեցնելու մասին, որոնք բավարարվել են:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930