Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա սրբազանի մեծահոգության եւ այսպես ասած քայլի շնորհիվ է, որ Սուրենը եկավ եւ մեզ հետ քայլեց». Գառնիկ Դանիելյանը՝ Սուրեն Պետրոսյանին

Հունիս 20,2024 14:16

Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ շարժման անդամ Սուրեն Պետրոսյանին: Ըստ նրա, երկրորդ կարծիք չկա, որ մարդիկ հավաքվել են բացառապես Բագրատ սրբազան ֆենոմենի շուրջ. «Ինքը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի մեջ չի մտել, Սուրենն այդ պահին Ոսկեպարում էր որոշակի մարդկանց հետ: Հենց որ շարժումը սկսվեց ու թափ առավ գյուղերում, սրբազանը առաջարկեց, որ երբ պիտի քայլեինք, գայինք Երեւան, լիներ նաեւ Սուրենը, ես չառարկեցի:

Ես առանձնապես խնդիրներ չեմ սարքել դրանից, չեմ խոչընդոտել, թեպետ շատ-շատ արժանավոր մարդիկ կային, որոնք էդ շարժման ակունքներում կանգնած են եղել, ռազմական գործիչներ եւ այլն, որոնք ե՛ւ պատրաստ էին, ե՛ւ արժանի էին, որ լինեին: Դա սրբազանի մեծահոգության եւ այսպես ասած քայլի շնորհիվ է, որ Սուրենը եկավ եւ մեզ հետ քայլեց:

Պարզ է, որ մարդիկ, որ հավաքվել են, սրբազան հոր շուրջն են հավաքվել: Կարող է մի քանի հոգի ինձ համար էին եկել, մի քանի հոգի՝ Սուրենի համար, բայց պարզ է, չէ՞, որ շարժումը հստակ ունի առաջնորդություն, դա սրբազան հոր առաջնորդությունն է:

Ամեն անգամ փորձել սա ուրիշ կերպ ներկայացնել…չեմ ուզում ուրիշ բառեր օգտագործել, առնվազն արդար չէ: Շարժումը քեզ շատ բան է տվել, բերել է առաջին շարք, եթե դու չես գնահատում, չես արժեւորում, գիտեք ինչ կա, մարդու արածը գնահատելը մեծագույն արժեք է: Եթե դու այդ արժեքների կրողը չես, ինչ ասեմ: Ասել, որ շարժումը մարո՞ւմ է: Ո՞վ է ասել, որ մարում է»:

Նշենք, որ Ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն այսօր Tert.am-ին ասել է. «Ես հասկանում եմ, որ երբ Շարժումը մարում է, կամ անհաջողության է գնում այդ ժամանակ մեղավորներ, նաև հակահերոսներ են պետք, հասկանում եմ, որ բոլորն այդ փնտրտուքի մեջ են, ուստի ես վաղը ասուլիս եմ հրավիրելու և մանրամասն բոլոր հարցերին պատասխանեմ»։

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930