Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկա իրավիճակում ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցը հրապարակ նետելը նաև պարարտ հող կարող է հանդիսանալ այդ կարևորագույն օրակարգը խոցելի դարձնելու. հայտարարություն

Հունիս 20,2024 15:07

44-օրյա պատերազմը, ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումը, Արցախում իրականացված բռնի տեղահանումը, որը մեր գնահատմամբ ոչ այլ ինչ էր, եթե ոչ ցեղասպանություն, ինչպես նաև ՀՀ առջև ծառացած ներքին և արտաքին ներկայիս մարտահրավերները, անվտանգային, սահմանազատման ու սահմանագծման հետ կապված անչափ զգայուն խնդիրները մեր հասարակությանը դարձրել է խիստ բևեռացված և զգայուն: Հաշվի առնելով այս ցավալի հանգամանքները, կասկածից վեր է, որ մեր հասարակությանն այսօր միավորող և համերաշխության տանող գործընթացներ են պետք, այլ ոչ թե առկա բևեռացումն էլ ավելի խորացնող:

Ուստի, առաջնորդվելով հենց այդ մոտեցմամբ, նկատի ունենալով ներկայիս բարոյահոգեբանական և քաղաքական իրավիճակը, Ազատ Դեմոկրատներ կուսակցությունն անթույլատրելի է համարում օրակարգ բերելու ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվեի անցկացման փորձերը: Գաղտնիք չէ, որ Ազատ Դեմոկրատներ կուսակցությունն իր ստեղծման առաջին իսկ օրվանից եղել է Հայաստանի եվրոպական ընտանիքին լիիրավ ինտեգրման ջատագովը, և դա կուսակցության ծրագրի առանցքային դրույթներից մեկն է, և այսօր էլ վստահ ենք, որ ԵՄ անդամակցության օրակարգն այլընտրանք չունի, սակայն ներկա իրավիճակում, ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցը, որն ի դեպ դեռևս չի նշանակում անդամակցություն, հրապարակ նետելով ոչ միայն էլ ավելի կխորանա մեր հասարակության տարբեր շերտերի միջև առկա անջրպետը՝ այն տանելով «արևմտամետների» և «ռուսամետների» բաժանման կեղծ դաշտ, այլ նաև պարարտ հող կարող է հանդիսանալ ԵՄ անդամակցության կարևորագույն օրակարգը խոցելի դարձնելու, մարգինալացնելու և վերջնականապես տապալելու համար, ավելին՝ այս կերպ հնարավորություն կտրվի եվրոպական օրակարգին դեմ ուժերին և ինչու ոչ այդ օրակարգի կեղծ կողմնակիցներին անհարկի շահարկելու այս հարցը՝ հասարակությանը շեղելով Հայաստանի Հանրապետության համար ներկայումս թիվ մեկ խնդիր հանդիսացող սահմանազատման և սահմանագծման հարցից:

Վստահ ենք, որ այդ օրակարգն առաջ մղելու լավագույն ճանապարհը ներկայիս փխրուն իրավիճակում հանրաքվեի անցկացումը չէ, ավելին՝ որևէ մեկը չի բռնել օրվա իշխանության ձեռքը, որն ունենալով քաղաքական մեծամասնություն և առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ կարող է առանց ավելորդ և արհեստական բարդություններ ստեղծելու առաջ տանել այդ օրակարգը և ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել առանց հանրաքվեի, քանզի հայտ ներկայացնելը դեռևս անդամակցություն չէ: ՀՀ Սահմանադրության 205 հոդվածը հստակ կարգավորում է վերպետական կառույցներին անդամակցության կարգը, և ամենևին անհրաժեշտություն չկա ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու և զուտ հայտ ներկայացնելու համար հանրաքվե իրականացնել, քանզի 205 հոդվածը հանրաքվեի անցկացում նախատեսում է բուն անդամակցության համար: Հետևապես իմաստ չենք տեսնում անտեղի բարդացնելու դեռևս չսկսված այդ գործընթացը, և  այսօր նման օրակարգ երևան բերելը կնշանակի օդում աննպատակ սուր ճոճել և կեղծ օրակարգ, որն հերթական իմիտացիոն գործընթացը կարող է դառնալ և էլ ավելի սրել առանց այն էլ գերլարված իրավիճակը: Ավելին՝ ակնհայտ է, որ այսօր արագ փոփոխվող աշխարհում տեղի են ունենում աշխարհաքաղաքական ինստիտուցիոնալ շեշտակի փոփոխություններ և քաղաքական դերակատարների ազդեցության գոտիների վերաբաշխում, ինչը Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է հաշվի առնել՝ դրանք համադրելով ՀՀ պետական շահերի հետ:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930