Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալացի հանդիսատեսը, շրջանցելով ավանդույթը, կրկին պահանջեց Կոմիտասի մանրանվագները  

Հունիս 21,2024 12:30

Ճանաչված երաժիշտ, «Ավետիս» լարային քառյակի առաջին ջութակահար Անուշ Նիկողոսյանը օրերս մեզ հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ մեծ տպավորություններով են վերադարձել Իտալիայից, որտեղ քառյակը մասնակցել է երկու հեղինակավոր միջազգային փառատոների՝ Սիենա քաղաքի «Պրիմավերա Կիջանա» (Primavera Chigiana) եւ Մանտուա քաղաքի «Տրամե Սոնորե» (Trame Sonore):

Մայիսի 29-ին Սիենայի Կիջի-Սարաչինի պալատում «Ավետիս» լարային քառյակին միացել է իտալաբնակ դաշնակահարուհի Մայա Օհանյանը: Կատարել են Դվորժակի, Բորոդինի եւ Միշել Պետրոսյանի ստեղծագործությունները:

Մանտուայի «Տրամե Սոնորե» (Trame Sonore) փառատոնին էլ հանդես են եկել երեք համերգով՝ մայիսի 30-ին, 31-ին եւ հունիսի 1-ին, որտեղ Դվորժակի եւ Բորոդինի քառյակների կողքին հնչեցրել են Կոմիտասի բոլոր մանրանվագները: «Կոմիտասի ստեղծագործությունները հանդիսատեսի կողմից մեծ ոգեւորությամբ ընդունվեցին եւ չնայած այն փաստին, որ փառատոնի համերգներին ընդունված չէ արտիստներին հրավիրել «բիս»-ի, սակայն հանդիսատեսն իր չդադարող ծափահարություններով ստիպեց, որ  կրկնենք Կոմիտասի մանրանվագները»,- հատուկ նշեց Անուշ Նիկողոսյանը:

Քառյակի ալտահար Հայկ Տեր-Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ փառատոնի հինգ օրերի ընթացքում տեղի է ունեցել մոտ 150 համերգ: «Բազում հեղինակավոր երաժիշտներ միաժամանակ հանդես էին գալիս քաղաքի տարբեր վայրերում, դրանք հիմնականում պատմական կառույցներ են՝ պալատներ, թանգարաններ…: Մենք ելույթ ունեցանք «Պալացցո Տե»-ում, որը մի հրաշագեղ պալատ-թանգարան էր՝ այգիներով շրջապատված: Պալատի համերգային սրահի ակուստիկան ուղղակի մոգական էր: Քաղաքն իսկական մշակութային տոնախմբություն էր ապրում. միաժամանակ տեղի էին ունենում բազում համերգներ՝ ֆանտաստիկ, լեգենդար երաժիշտների մասնակցությամբ: Պարզապես փողոցներով քայլելիս կարող էիր հանդիպել, օրինակ՝ լեգենդար դաշնակահար Ալֆրեդ Բրենդելին կամ թավջութակն ուսին դրած Ջիովաննի Սոլլիմային, ով զրույցի ընթացքում կհրավիրեր քեզ երեկոյան տեղի ունեցող իր համերգին: Այստեղ հաճախակի ելույթ է ունենում նաեւ Մարթա Արգերիխը եւ շատ ուրիշ անվանի երաժիշտներ»:

Համերգներից հետո «Ավետիս» լարային քառյակը հրավերներ է ստացել հաջորդ տարի կրկին մասնակցելու վերը նշված փառատոներին, իսկ 2025թ.-ի մարտին ելույթ կունենան Մոդենայի Պավարոտիի անվան օպերային թատրոնում:

«Ավետիս» լարային քառյակն ակտիվ համերգային գործունեություն է ծավալում նաեւ Հայաստանում: Երաժիշտները հունիսի 17-ին հրաշալի ծրագրով հանդես եկան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Քառյակին միացել էին դաշնակահար Վահագն Պապյանը (Հայաստան-Իսրայել) եւ կլարնետահար Վալենտին Ուրյուպինը (Ռուսաստան-Գերմանիա), ովքեր նաեւ լայն համերգային գործունեություն են ծավալում որպես նաեւ դիրիժորներ: Ծրագրում ընդգրկված էր Մոցարտի Կլարնետի կվինտետը, Շումանի Դաշնամուրի կվինտետը եւ Հայաստանում հազվադեպ կատարվող Պրոկոֆեւի Հրեական թեմաներով նախերգանքը: Համերգը, որին ներկա էինք, անցավ մեկ շնչով եւ մեծ խանդավառությամբ: Երաժիշտներն ուղղակի վայելում էին ստեղծագործությունների յուրաքանչյուր հնչյունը, դարձվածքը, հարմոնիաները, դինամիկ լուծումները եւ այդ պահին, բեմի վրա միմյանց հետ երաժշտություն ստեղծելու խորհրդավոր պահը, ինչը եւ փոխանցվեց ունկնդիրներին:

Հիշեցնենք, որ «Ավետիս» լարային քառյակի առաջին համերգը կայացել է 2024թ. մարտի 12-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, իսկ քառյակի երաժիշտներն են՝ առաջին ջութակ՝ միջազգային մրցույթների դափնեկիր Անուշ Նիկողոսյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտներից՝ երկրորդ ջութակ՝ ֆիլհարմոնիկի կոնցերտմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարմեն Թոսունյանը, ալտ՝ ֆիլհարմոնիկի ալտահարների կոնցերտմայստեր Հայկ Տեր-Հովհաննիսյանը եւ թավջութակ՝ ֆիլհարմոնիկի առաջատար թավջութակահար Միքայել Նավասարդյանը:

ԱՍՏՂԻԿ ԴԱԼԼԱՔՅԱՆ

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝ «Ավետիս»-ը Իտալիայում եւ Հայաստանում:

«Առավոտ» օրաթերթ
20.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930