Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Գիտությունը և արվեստը փոխկապակցված են. STARMUS-ի շրջանակներում կմատուցվի երբևէ չհնչած եզակի երաժշտություն

Գիտությունը և արվեստը փոխկապակցված են. STARMUS-ի շրջանակներում կմատուցվի 
երբևէ չհնչած եզակի երաժշտություն

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում STARMUS VI փառատոնի շրջանակներում կլինեն եզակի երաժշտական ոճի համերգներ. կհնչի այնպիսի երաժշտություն, որը երբեք չի հնչել և չի կրկնվելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց STARMUS VI փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանը. Ասուլիսին մասնակցում էին նաև աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ամերիկահայ երաժիշտ, ստեղնաշարահար («Dream Theater», «Planet X» «KISS») Դերեք Շերինյանը, անգլիացի երաժիշտ (The Strawbs, Yes), կոմպոզիտոր եւ հեռուստահաղորդավար Ռիք Վեյքմանը, անգլիացի երաժիշտ, ջազ, փոփ, ռոք ոճի երաժշտության թմբկահար Սայմն Ֆիլիպսը, հայազգի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը (խմբ. Համասյանն ասուլիսին մասնակցել է առցանց):

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Գարիկ Իսրաելյանը հավելեց, որ աշխարհահռչակ երաժիշտները նպաստում են գիտության հանրայնացմանը:

«Մեծ պատիվ է հյուրընկալել այստեղ երաժիշտներին, ովքեր աջակցում են գիտությանը: Համոզված ենք, որ անհրաժեշտ է աջակցություն արվեստի համայնքից, որպեսզի հանրայնացնենք գիտությունը: Մեծ քանակի երաժիշտներ են միացել են STARMUS-ին, աջակցել են փառատոնի փիլիսոփայությանը, գաղափարախոսությանը: Եվ այս թիվը գնալով աճում է»,- ասաց Իսրաելյանը:

Փառատոնի համահիմնադիրը հայտնեց, որ  STARMUS փառատոնը մեկնարկում է ցնցող համերգով, որին կմասնակցեն հայ երաժիշտներ՝ Տիգրան Համասյանը, Դերեկ Շերինյանը և անգլիացի երաժիշտ Ռիք Վեյքմանը:

Սեպտեմբերի 5-ին տեղի կունենա «Sonic Universe» համերգային ծրագիրը, որտեղ երաժշտության աշխարհահռչակ աստղերը գիտությունը կներկայացնեն երաժշտության ելևէջներով։ Այս միջոցառման շրջանակներում տեղի կունենա «Սթիվեն Հոքինգ» շքանշանի հանձնման պաշտոնական արարողությունը։

«Այդ օրը շատ հետաքրքիր համերգ է լինելու, տարբեր տեսակների երաժշտություններ համաձուլելու ենք, միացնելու ենք ամեն ինչ:

STARMUS-ի բոլոր համերգները եզակի են, չեն կրկնվում ոճի, համադրության տեսանկյունից: Եթե բաց թողնեք այս STARMUS-ը, ապա նույնը երբեք չեք տեսնի: Խոսքը ոչ միայն համերգի, այլ նաև դասախոսությունների մասին է»,- ասաց  Իսրայելյանը:

Սեպտեմբերի 7-ին նույնպես համերգ տեղի կունենա, որի ընթացքում փառատոնի համահիմնադիր, Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը կառաջնորդի այլ երաժիշտների. Մասնավորապես, համերգին կմասնակցեն Nemra ռոք խումբը, Ջիվան Գասպարյան-կրտսերը, ով դուդուկով հարգանքի տուրք կմատուցի համաշխարհային վարպետ Ջիվան Գասպարյանին:

«Հրաշալի փառատոն է սպասվում, հրաշալի ծրագիր»,- հավելեց  Գարիկ Իսրայելյանը:

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ով առաջին անգամ է միացել STARMUS-ին, ասաց, որ իր համար մեծ պատիվ է փառատոնին միանալը:

«Ես ու Գարիկ Իսրաելյանը արդեն մի քանի տարի է՝ շփվում ենք, քննարկում ենք փառատոնը, միասին ինչ-որ գործեր ենք անում, անձամբ հանդիպել ենք 2019 թվականին «WCIT»-ի շրջանակում: Գարիկը ասաց, որ STARMUS-ը ցանկանում է բերել Հայաստան: Ես դա ֆանտաստիկ միտք համարեցի: Հետո զանգեց և խրախուսեց, որ միանամ փառատոնին. ես համաձայնվեցի:  Իսկապես հրաշալի է աստղաֆիզիկան, գիտական բացահայտումները, հայտնագործությունները մեկ փառատոնում տեսնելը: Շատ ուրախ եմ, որ Հայաստանում այսպիսի փառատոններ են կազմակերպվում: Շատ հրաշալի արվեստագետներ են եկել Հայաստան: Ուրախ եմ, որ այս թիմի մի մասն եմ»,- ասաց Թանկյանը:

Թանկյանը նաև հայտնեց, որ փառատոնի շրջանակներում հայ խորհրդային ականավոր գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր Ալեքսանդր Քեմուրջյանի պատվին առանձին կատարում կունենա:

Անգլիացի երաժիշտ (The Strawbs, Yes), կոմպոզիտոր եւ հեռուստահաղորդավար Ռիք Վեյքմանը առաջին անգամ չէ, որ մասնակցում է փառատոնին: Դեռ 10 տարի առաջ Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը նրան առաջարկել էր միանալ STARMUS-ին, ինչին Վեյքմանը դրական է արձագանքել:

«Կարծում եմ, որ Միացյալ Թագավորության դպրոցներում սխալ են անում, որ արվեստից գիտությունը տարաջատում են. դրանք փոխկապակցված երևույթներ են, և երբեք չպետք է դրանք տարանջատել: Կարծում եմ, որ չափազանց կարևոր է, որ STARMUS-ը կարողանում է համադրել այս երկուսը: Շատ հպարտ եմ, որ այս փառատոնի մասնիկն եմ կազմել և կազմում եմ: Եվ շատ հրաշալի է, որ Հայաստանում եմ: Խնդրում եմ օգնեք համատեղել արվեստը և գիտությունը, որովհետև դրանք մեկ միասնություն են, առանձին չեն»,- ընդգծեց Վեյքմանը:

Անգլիացի երաժիշտ, ջազ, փոփ, ռոք ոճի երաժշտության թմբկահար Սայմն Ֆիլիպսը առաջին անգամ է Հայաստանում և առաջին անգամ է մասնակցում STARMUS-ին:

«Սա վստահաբար ամենահրաշալի փորձն է: Միշտ էլ հրաշալի է գալ նոր երկիր, որտեղ չես եղել: Ես ու Դերեկը 22 տարիների ընթացքում համագործակցել ենք տարբեր ծրագրերով և 9 ալբոմ ենք գրել միասին, բայց կենդանի կատարում չենք ունեցել: Գարիկի հրավերը հանդիսացավ այդ կայծը:  Շատ բարդ երաժշտական կտոր ենք ստեղծել, և հաճելի կլինի այդ երաժշտությունը հնչեցնել հայ լսարանի առջև»,- ընդգծեց Ֆիլիպսը:

Ջազ դաշնակահար  Տիգրան Համասյանի կարծիքով՝գիտությունը և արվեստը ենթադրում է բավականին բարդ կառուցվածքների համադրություն:

«Ես անձամբ ոգեշնչվում եմ երաժշտությամբ, արվեստի տարբեր այլ արտահայտումներով, ձևերով, փորձում եմ այնտեղ տեսնել մաթեմատիկա, երկրաչափություն: Կարծում եմ, որ շատ լավ նախաձեռնություն է արվեստը և գիտությունը միջոցառման շրջանակում համադրելը»,- եզրափակեց Համասյանը:

Հայաստանում փառատոնն անցկացվելու է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ «Մարս 3»-ը դեպի Կարմիր մոլորակ է տեղափոխել հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։ 

STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Սթիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում է 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։ 

Հայաստանը սեպտեմբերին հյուրընկալելու է աշխարհահռչակ տիեզերագնացների՝ Չարլզ Բոլդենին (Charles Bolden), Քրիս Հադֆիլդին (Chris Hadfield), Ջիմ Բագյանին (Jim Bagian), Ջորջ Նիլդին (George Nield), Չառլի Դյուկին (Charlie Duke), Նոբելյան մրցանակակիրների՝ Էդվարդ Մոուզերին (Edvard Moser), Քիփ Թորնին (Kip Thorne),  Էմմանուել Շարպենտիեին (Emmanuelle Charpentier), գիտնականների՝ Թոնի Ֆադելին (Tony Fadell), Բրայան Գրինին (Brian Greene), Դոննա Սթրիքլենդին (Donna Strickland), արտիստների՝ Sons of Apollo խմբին, Ռիք Վեյքմանին (Rick Wakeman), Սերժ Թանկյանին (Serj Tankian), Տիգրան Համասյանին (Tigran Hamasyan), Անդրեյ Մակարևիչին (Andrey Makarevich), Դերեկ Շերինյանին (Derek Sherinian), մի շարք այլ միջազգային ճանաչում ունեցող արտիստների ու գիտնականների, ովքեր Հայաստան կայցելեն հատուկ փառատոնին մասնակցելու նպատակով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]