Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

STARMUS-ը ներկայացնում է ապագա մարդու երազները. ՆԱՍԱ-ի ինժեները՝ գիտական փառատոնի մասին

STARMUS-ը ներկայացնում է ապագա մարդու երազները. ՆԱՍԱ-ի ինժեները՝ 
գիտական փառատոնի մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: STARMUS-ը ներկայացնում է ապագա մարդու երազները: Այն միավորում է երաժշտությունը, ճարտարագիտությունը, արվեստը, գիտությունը.  STARMUS-ը հզոր է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի թռիչքային էլեկտրոնիկայի բաժնի ղեկավար Արբի Կարապետյանը՝ նշելով, որ STARMUS-ին մասնակցելու առաջին պատճառներից մեկ անչափ հետաքրքիր թեման էր. «Քանի որ ես և՛ երաժշտություն եմ շատ սիրում՝ դաշնամուր ու կիթառ եմ նվագում, և՛ գիտություն: Համալսարում ֆիզիկա եմ ուսումնասիրել, և, ընդհանրապես, իմ աշխատանքը գիտության հետ է կապված: Ահա այս երկուսը միաձուլելը դարձել է ֆանտաստիկ համադրություն»,- ասաց Կարապետյանը:

Նա ընդգծեց, որ STARMUS-ը միմյանց հետ ծանոթանալու, շփվելու լավ հնարավորություն է: Արդեն հասցրել է ծանոթանալ բավական հետաքրքիր մարդկանց հետ: Նրա համար առանձնահատուկ նշանակություն ունի երեխաների հետ շփումը, նրանց հետաքրքրող հարցերին պատասխանելը:

«Կնոջս հետ խոսում էի և ասացի. չգիտեմ մյուս STARMUS-ը որտեղ է լինելու, բայց որտեղ էլ լինի՝ գնում ենք: STARMUS-ը ներկայացնում է ապագա մարդու երազները: Այն միաձուլում  է երաժշտությունը, ճարտարագիտությունը, արվեստը, գիտությունը.  STARMUS-ը հզոր է»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե STARMUS-ը Հայաստանին կտա՞, արդյոք, հնարավորություններ  գիտության զարգացման համար, Կարապետյանը նշեց, որ միանշանակ, այն կարող է շատ բան փոխել բոլորի կայնքում: «Ես առաջին անգամ չէ, որ գալիս եմ Հայաստան և ինձ թվում է, որ մեր ժողովուրդը ծարավ է  գիտության: Իմ համոզմամբ գիտությունը բոլորիս մեջ կա, ամենակարևորը՝ երեխաների մեջ: Առավոտյան Մասիսում հանդիպել եմ երեխաների, տեսնում էի, որ  իրենց աչքերը պսպղում էին, երբ խոսում էի գիտությունից, տիեզերքից  ու ՆԱՍԱ-ի գործունեությունից»- ուրախությամբ ընդգծեց Արբի Կարապետյանը:

ՆԱՍԱ-ի ուսումնասիրություններից ելնելով, այլ մոլորակների վրա կա՞, արդյոք, կյանք։ Կարապետյանը նշեց, որ շատ դժվար է պատասխանել այդ հարցին, քանի որ, երբ աստղադիտակից արված նկարի վրա տեսնում ես, թե քանի հազար  գալակտիկաներ կան, որոնցից ամեն մեկը միլիարդավոր աստղեր ունի, իսկ այդ աստղերն էլ՝ իրենց շուրջ շատ մոլորակներ ու հստակ մտածել, որ մեկ այլ տեղ կյանք չկա, ըստ նրա, դժվար է ասել:

Անդրադառնալով Մարսի վրա իրականացվող վերջին հետազոտություններին՝ նա նշեց, որ մինչ այժմ իրականացված գործողությունները փաստել են՝ Մարսի վրա ջուր եղել է, բայց դեռ վստահ չեն՝ կյանք արդյոք եղել է, թե ոչ: Դրա հստակ ապացույցը դեռևս չեն հայտնաբերել, ինչի համար Մարսի հողը պետք է բերեն երկիր և այստեղ ուսումնասիրություններ իրականացնեն, դա ՆԱՍԱ-ի մյուս ծրագիրն է, որի վրա աշխատում են, և այն  2028 -ին կմեկնարկի:

«Այստեղ  կարևորությունն այն է, որ Մարսն ամենամոտ մոլորակն է երկրագնդին: Մարսն ուսումնասիրելով՝ մենք մեր մոլորակի մասին ենք սովորում, նրա ներկայիս վիճակը կարող է լինել  մեր մոլորակի  անցյալ կամ ապագա կյանքը, բայց, միևնույն ժամանակ, իրենք երկու տարբեր մոլորակներ են, և կարող է նաև իրենց զարգացումները բոլորովին էլ նույնը չլինեն: Դա մեզ համար շատ հետաքրքիր է, քանի որ մենք ուզում ենք մեր մոլորակը հասկանալ, հասկանալ, թե որտեղից ենք եկել, ինչին մեծապես կնպաստի Մարսի ուսումնասիրությունը»,- եզրափակեց Արբի Կարապետյանը:  

Նշենք, որ Կարապետյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Մարսի վրա ներկայումս աշխատող Curiosity հռչակավոր մարսագնացի առաքելության իրականացման գործում՝ տեխնիկական միջոցների մշակման փուլում: Նոր տեխնոլոգիաների ու մոդեռնիզացման ներդրման ոլորտի պիոներներից է, որոնք թույլ են տվել առավել արդյունավետ դարձնել մեթոդներն ու պրոցեսները, ինչը վերոնշյալ առաքելության հաջողության գլխավոր գրավականն էր: Հավատում է այն գաղափարին, որ ցանկացած կազմակերպության կարևորագույն ձեռքբերումը մարդիկ են, իսկ հաջողության միակ գրավականը մոտիվացված մարդկանց կողմից անընդհատ ինովացիոն մտածելակերպ դրսևորելն է:

Գայանե Գաբոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]