Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Հայաստանում անցկացված STARMUS-ը լավագույնն էր փառատոնի պատմության մեջ. փառատոնը եզրափակվեց ֆիլմի պրեմիերայով

Հայաստանում անցկացված STARMUS-ը լավագույնն էր փառատոնի պատմության մեջ. 
փառատոնը եզրափակվեց ֆիլմի պրեմիերայով

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ STARMUS փառատոնին մասնակցած հյուրերից շատերը փաստել են, որ Հայաստանում անցկացված STARMUS-ը լավագույնն էր փառատոնի պատմության մեջ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 9-ին STARMUS VI փառատոնի փակման արարողության ժամանակ այս մասին ասաց STARMUS փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանը։

«Փառատոնը շատ լավ անցավ։ Ես չէի կարծում, որ այսքան լավ կանցներ տարբեր պատճառներով՝ կորոնավիրուսային համաճարակ, պատերազմ և այլն։ Այդ բոլոր խնդիրները կարող էին արտացոլվել փառատոնի հաջողությունների վրա, բայց ուրախ եմ տեսնել, որ բացարձակապես խնդիրները չազդեցին մեզ վրա։ STARMUS-ը այնքան հզոր էր և ուժեղ, որ ոչինչ չազդեց փառատոնի վրա»,- ընդգծեց Իսրաելյանը։

Իսրաելյանը հույս ունի, որ Հայաստանում նմանատիպ փառատոնները ապագայում ևս կանցկացվեն։

«Առանց գիտության և կրթության Հայաստանում ապագա չկա»,- նշեց Իսրաելյանը։

Նրա խոսքով՝ ամենալավ համագործակցությունը պետական մարմինների և STARMUS-ի միջև ու ուսանողների ամենաակտիվ մասնակցությունը եղել է Նորվեգիայում և Հայաստանում։

Փառատոնի փակման արարողությանը ելույթ ունեցավ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը ոչինչ չի խնայելու այդ ուղղությունները զարգացնելու համար։ Ըստ Հարությունյանի՝ այսպիսի փառատոնները լրացուցիչ խթան են հանդիսանում գիտության և կրթության ոլորտի զարգացմանը։

«Կրթությունը և գիտությունը առանց արվեստի այլևս գոյություն չունեն։ Եվ STARMUS-ը դրա լավագույն համադրումն է»,- ասաց Հարությունյանը։

Փառատոնի փակման արարողությանը մասնակցում էր նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նա բարձր գնահատեց փառատոնի անցկացումը և շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին նման բարձր մակարդակով STARMUS VI-ը կազմակերպելու համար։

«Ցավում եմ, որ այս միջոցառումը ավարտվում է։ Համոզված եմ, որ այն ոչ միայն նոր շունչ է հաղորդելու, այլ նաև նոր ոգևորություն է բերելու Հայաստանում։ Հինգ օր շարունակ հնարավորություն ունեցանք հաղորդակցվելու ինչպես համաշխարհային տիեզերագիտության նորագույն նվաճումները կերտող գիտնականների, այնպես էլ հռչակավոր և անվանի երաժիշտների հետ։ Սա այն վառ օրինակներից է, որոնք ապացուցում են, որ գիտությունը և արվեստը սերտորեն կապված են և դրանց համադրությունը ոչ միայն հակասություններ չի առաջացնում, այլ դառնում է անհրաժեշտություն իր ստեղծարարությամբ։ Հենց այդպիսին է STARMUS-ը իր բոլոր դրսևորումներով»,- ընդգծեց նախագահը։

STARMUS VI փառատոնը եզրափակվեց «Ալեքսեյ Լեոնով. Տիեզերքը ներսում» ֆիլմի բացառիկ պրեմիերիայով։ Ֆիլմը հիմված է խորհրդային տիեզերագնաց և պատմության մեջ առաջինը բաց տիեզերք դուրս եկած Ալեքսեյ Լեոնովի դստեր՝ Օկսանա Լեոնովայի վերջին հարցազրույցի վրա։ Ֆիլմի ռեժիսորն է Նատալյա Ցոյը։

1965 թվականի մարտի 18-ին «Վոսխոդ-2» ուղեծրային տիեզերանավի թռիչքի ընթացքում խորհրդային տիեզերագնաց-օդաչու Ալեքսեյ Արխիպի Լեոնովն աշխարհում առաջինը դուրս եկավ բաց տիեզերք: Տիեզերանավից դուրս նա անցկացրեց 12 րոպե և 9 վայրկյան, բայց ընդհանուր առմամբ ելքը և վերադարձը տիեզերանավ տևեց գրեթե 24 րոպե: Այս գիտափորձը դարձավ ամենակարևոր և ամենավառ ուղենիշներից մեկը համաշխարհային տիեզերագնացության պատմության մեջ։

Հայաստանում  STARMUS VI-ն անցկացվել է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է եղել Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ «Մարս 3»-ը դեպի Կարմիր մոլորակ է տեղափոխել հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։

STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Սթիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում է 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։ Հայաստանը սեպտեմբերին հյուրընկալել է աշխարհահռչակ տիեզերագնացների՝ Չարլզ Բոլդենին , Քրիս Հադֆիլդին, Ջիմ Բագյանին, Ջորջ Նիլդին, Չառլի Դյուկին , Նոբելյան մրցանակակիրների՝ Էդվարդ Մոսերին , Քիփ Թորնին, Էմմանուել Շարպենտիեին, գիտնականների՝ Թոնի Ֆադելին, Դոննա Սթրիքլենդին, արտիստների՝ Sons of Apollo խմբին, Ռիք Վեյքմանին, Սերժ Թանկյանին, Տիգրան Համասյանին, Անդրեյ Մակարևիչին, Դերեկ Շերինյանին, մի շարք այլ միջազգային ճանաչում ունեցող արտիստների ու գիտնականների, ովքեր Հայաստան են այցելել հատուկ փառատոնին մասնակցելու նպատակով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]