Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook

Մատչելի հղումներ

Ուկրաինական հացահատիկը Թուրքիա կհասնի չորեքշաբթի օրը


Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ակնկալում է, որ ուկրաինական հացահատիկի առաջին խմբաքանակը Ռուսաստանի ներխուժումից հետո կհասնի թուրքական նավահանգիստ չորեքշաբթի վաղ առավոտյան:

Սիերա Լեոնեի դրոշով Razoni բեռնատար նավը ուկրաինական Օդեսա նավահանգստից Լիբիա է ուղեւորվել ավելի քան 26 հազար տոննա եգիպտացորենով բարձված:

Այն նախ կանգ կառնի Ստամբուլում, որտեղ հատուկ համատեղ համակարգման կենտրոնի անձնակազմը կստուգի նավը՝ համոզվելու համար, որ այն զենք կամ այլ ոչ պարենային ապրանքներ չի պարունակում ուկրաինական հացահատիկի արտահանման մասին հուլիսի վերջին ձեռք բերված համաձայնության համաձայն:

Կենտրոնում ընդգրկված են Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի պաշտոնյաները՝ համաձայնության միջնորդության մեջ ներգրավված բոլոր չորս կողմերը:

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երկուշաբթի հայտնել է, որ եգիպտացոենով բեռնված Razoni-ն մեծ հույս է արթնացնում ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց համար, ովքեր կախված են Ուկրաինայի նավահանգիստների անխափան աշխատանքից:

Նա հավելել է. «Այն, ինչին այսօր ականատես եղանք Օդեսայում, կարևոր մեկնարկային կետ է: Այն պետք է լինի առաջինը բազմաթիվ առևտրային նավերից, որոնք օգնություն և կայունություն կբերենսննդի համաշխարհային շուկաներին»:

Ուկրաինան չի ստորագրել ՌԴ հետ որևէ պայմանագիր. Միխայիլ Պոդոլյակ
please wait

No media source currently available

0:00 0:03:26 0:00

Գուտերեշն ասել է, որ կարևոր է վստահ լինել, որ «հացահատիկը, պարարտանյութերը և սննդի հետ կապված այլ ապրանքները մատչելի գներով հասանելի լինեն զարգացող երկրներին: Սովի շեմին հայտնված մարդկանց պետք է, որ այս համաձայնագրերն աշխատեն, որպեսզի նրանք գոյատևեն»։

Գուտերեշն ասել է, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը նախատեսում է շուտով գնել 30,000 տոննա ուկրաինական ցորեն և այն երկրից դուրս արտահանել ՄԱԿ-ի կողմից վարձակալված նավով:

Համաձայնագիրը նախատեսում է Ուկրաինայի հարավային նավահանգիստներից ուղևորվող բեռնատար նավերի անվտանգ անցում Սև ծովի ջրերով, որոնք Ռուսաստանը վերահսկում է Ուկրաինա ներխուժումից ի վեր:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին երկուշաբթի երեկոյան իր ամենօրյա տեսաուղերձում ասել է, որ բեռնափոխադրումը «առաջին դրական ազդանշան է առ այն, որ հնարավորություն կա դադարեցնելու պարենային համաշխարհային ճգնաժամի զարգացումը»։

Այնուամենայնիվ, նա նախազգուշացրել է, որ պետք է մոնիտորնգի ենթարկել Ռուսաստանը՝ վստահ լինելու համար, որ այն կկատարի իր պարտավորությունները։

«Մենք չենք կարող պատրանք ունենալ, որ Ռուսաստանը պարզապես զերծ կմնա ուկրաինական արտահանումը խափանելու փորձերից»,- ասել է նա։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երկուշաբթի լրագրողներին հայտնել է, որ առաջին նավի մեկնումը «շատ դրական» է և կօգնի փորձարկել «մեխանիզմներ, որոնք համաձայնեցվել են Ստամբուլում բանակցությունների ժամանակ»:

Իր հերթին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը շեշտում է, որ Ուկրաինան չի ստորագրել որևէ համաձայնագիր Ռուսաստանի հետ և վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը կավարտվի Ուկրաինայի տարածքից ռուսական բանակի ամբողջական հեռացմամբ։

«Ուկրաինան չի ստորագրել ՌԴ հետ որևէ պայմանագիր: Ուկրաիանան պայմանգիր ունի Թուրքիայի հետ, որը հանդիսանում է ուկրաինական ջրային տարածքներում նավերի տեղաշարժման, ուկրաինական հացահատիկի բարձման և այն Թուրքիայի նավահանգիստներ հետագա փոխադրման երաշխավոր, ինչպես նաև ՄԱԿ-ի»,- ասում է Պոդոլյակը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում:

Նաև երկուշաբթի, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը նշել է, որ Կիևը ավելի ճշգրիտ հրթիռային համակարգեր է ստացել Միացյալ Նահանգներից: Ուկրաինան նկատի ունի ԱՄՆ-ի արտադրության HIMARS հրթիռային համակարգերը, որոնք օգնել են դանդաղեցնել Ռուսաստանի առաջխաղացումը երկրի արևելքում:

Ռեզնիկովը ռազմական օգնությունն անվանել է « ՆԱՏՕ-ի արևելյան թևի հերթական ներդրում Եվրոպայում անվտանգության և ժողովրդավարության աջակցության գործում» : Նա Twitter-ում գրել է շնորհակալություն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին և ամերիկացի ժողովրդին։

Այս հոդվածի պատրաստման ընթացքում օգտագործվել են Associated Press, Agence France-Presse և Reuters գործակալությունների նյութերը:

XS
SM
MD
LG