Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook

Մատչելի հղումներ

Ֆլորիդայում Թրամփի նստավայրի խուզարկությունը` Կոնգրեսում սուր պայքարի առարկա


ԱՄՆ-ի կոնգրեսականները շարունակում են քննարկել Ֆլորիդայում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրում ՀԴԲ-ի խուզարկության հետ կապված մի շարք հարցեր։

Անցած երկուշաբթի օրն ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները Ֆլորիդայում խուզարկեցին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մասնավոր կալվածքը: Թրամփի փաստաբանի խոսքերով, դաշնային գործակալները բացել են չհրկիզվող պահարանը, պարզելու համար, թե արդյոք նա իր մոտ է պահում Սպիտակ տնից այստեղ բերված գաղտնի փաստաթղթեր:

«Այդ փաստաթղթերից մի քանիսը նշված են որպես «հույժ գաղտնի»: Իսկ դա ազգային անվտանգությանը հասցված ծայրահեղ ծանր վնասի տեսանկյունից ամենաբարձր ցուցանիշն է: Այսինքն, այն փաստը, որ դրանք գտնվում էին անապահով վայրում, այսինքն՝ հսկվում էին միայն կողպեքով, խորապես մտահոգիչ է», ասում է դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը:

Թրամփն ու նրա համախոհները փորձեցին արագ հակաճառել, հայտարարելով, թե այդ խուզարկությունն իրականացվել է քաղաքական դրդապատճառներով: Դրան ի պատասխան Սպիտակ տան մամլո քարտուղար Կարին Ժան-Պիերը ABC-ի «Այս շաբաթ» ծրագրի եթերում հիշեցրել է, որ ՀԴԲ տնօրենն այս պաշտոնին է նշանակվել հենց Թրամփի հրամանով: Սպիտակ տան մամլո քարտուղարն ավելացրել է, որ Բայդենի վարչակազմը վարում է արդարադատության նախարարության գործառույթներին չմիջամտելու քաղաքականություն:

Թրամփի աջակիցները արդարադատության նախարար Մերիք Գարլենդից պահանջում են հավելյալ տեղեկություններ, որոնք կապացուցեին նախկին նախագահի նստավայրում խուզարկություն կատարելու անհրաժեշտությունը: ‘’Մենք պետք է հստակ իմանանք, թե արդյոք սա իրոք ազգային անվտանգության հարց է, եւ թե արդյոք չի եղել հայեցողության չարաշահում գլխավոր դատախազ Գարլենդի կողմի՛՛, ասում է հանրապետական կոնգրեսական Մայք Թըրնըրը:

Հանրապետականները կոչ են անում ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրել այն մասին, թե ինչն է ստիպել դաշնային դատավորին տալ Թրամփի նստավայրը խուզարկության ենթարդկելու արտոնագիր:

Առգրավված 20 արկղերում եղել է նաեւ ‘’հույժ գաղտնի փաստաթղթերի’’ երեք, եւ «գաղտնի փաստաթղթերի» եւս երեք տրցակ: Խուզարկության հրահանգում նշված է, որ ՀԴԲ-ի գործակալները ստուգել են պարզելու համար, թե արդյոք չի ոտնահարվել Լրտեսության մասին օրենքը, ըստ որի, անօրինական է համարվում ազգային անվտանգության համար վտանգավոր համարվող տեղեկությունները տանը պահ տալը կամ դրանք այլոց փոխանցելը:

XS
SM
MD
LG