Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook

Մատչելի հղումներ

«Բոլորս միասին պետք է պայքարենք ռուսաստանյան չարիքի դեմ»․ Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինա


Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինա
Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինա

Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինան «Ամերիկայի Ձայն»-ի վրացական ծառայության թղթակից Էկա Մագալդաձեին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինային աջակցելն այս պահին օրակարգում է՝ աշխարհում ամենուր․

Նա շեշտել է․ «Եթե ուզում ենք հասնել խաղաղության, պետք է անենք ամենն, ինչ կարող ենք: Նույնիսկ՝ ավելին։ Պետք է ամեն կերպ օգնենք Ուկրաինային՝ հատկապես ռազմական աջակցություն ցուցաբերելով և պետք է հասկանանք՝ ամեն օր, երբ հետաձգում ենք կարևոր որոշումների կայացումը, մարտի դաշտում մարդիկ են զոհվում»:

«Մեզ համար անչափ կարևոր էր փոխանցել մեր անձնական փորձը և կիսվել մեր պատմության դասերով: Կարծում ենք, - ասել է Դաիգա Միերինան,- կարևոր է այս ուղերձը հասցնել աշխարհին և ԱՄՆ-ին, որ Ռուսաստանի ագրեսիան ինքն իրեն չի դադարի և չի ավարտվելու: Եթե հիմա [այն] չդադարեցնենք, ստիպված կլինենք վճարել էլ ավելի մեծ գին»։

Լատվիայի Սեյմի խոսնակը պատմել է, որ հանդիպումներ են ունեցել սենատորների, կոնգրեսականների հետ, լսել են առաջ շարժվելու հնարավորության մասին տարբեր տեսակետներ: Եվ չնայած տարբեր հայացքներին, հասկանալի է դարձել, որ առկա է ընդհանուր՝ միաձայն ըմբռնում՝ պետք է դադարեցնել պատերազմը որքան հնարավոր է շուտ, և պետք է դա անել համատեղ ուժերով։

Պատմությունից դասեր քաղելու առումով, նա հիշեցրել է, որ արդեն տևական ժամանակ է իրենք զգուշացնում են եվրոպական ու աշխարհի այլ երկրներին, որ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում․ «Պատմության ընթացքում տեսել ենք դա,- ասել է նա,- Եկեք նայենք պատմությանը, երբ Պուտինը մշտապես ուժ է կիրառել՝ իր նպատակներին հասնելու համար: Տեսանք պատերազմը Չեչնիայում։ Հետագայում՝ նրա ներխուժումը Վրաստան, Ղրիմ, և յուրաքանչյուր հաջորդ հարձակմամբ Պուտինի ժողովրդականությունը [Ռուսաստանում] մեծանում էր: Պուտինը զգաց, որ կարող է անել, ինչ ուզում է՝ ուժի միջոցով, որը նույնպես ընդլայնվում էր։ Սա անպատժելիության զգացում առաջացրեց Պուտինի և, ընդհանուր, առմամբ Ռուսաստանի մոտ: Ռուսաստանին թվաց, որ կարող է աշխարհակարգ թելադրել։ Հարկավոր է, որ Ռուսաստանը պատասխանատվություն կրի իր արարքների համար»։

Դաիգա Միերինայի խոսքերով․ «Բալթյան երեք երկրները վերապրել են օկուպացիա, ցեղասպանություն, տեղահանություն, ռուսականացում։ Այս ամենը շատ լավ ենք հիշում և անընդհատ հիշեցնում աշխարհին Ռուսաստանի ներկայացրած սպառնալիքների ու արարքների մասին։ Եթե չկանգնեցնենք Ռուսաստանին, կշարունակի կրկնել այդ ամենը նորից ու նորից, և ոչ միայն բալթյան երկրներում, այլև՝ ամենուր»:

Շեշտելով, թե Բալթյան երեք պետությունների համար կարևոր է, որ իրենց չզգան միայնակ, լքված, այն դեպքում, եթե հարձակման ենթարկվեն ու ստիպված լինեն դիմակայել ագրեսիային՝ նա ընդգծել է, որ իրենք պետք է կարողանան ապավինել իրենց դաշնակիցներին, որոնք կհասնեն օգնության: Բայց, միևնույն ժամանակ, չպետք է նստել՝ ձեռքներս ծալած և սպասել․ «Պետք է կատարենք մեր տնային աշխատանքը,- ասել է խոսնակը՝ շեշտելով, որ իրենք մշակել են նոր պաշտպանական ռազմավարություններ և շատ բան ենք արել իրենց սեփական անվտանգությունը ամրապնդելու ուղղությամբ։ - Հույս ունենք, որ շուտով Շվեդիան ևս կմիանա ՆԱՏՕ-ին, և հուսով եմ, որ Ուկրաինան նույնպես կկարողանա ապագայում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ»:

Ուկրաինային օգնելու Եվրոպայի ջանքերը ընդարձակվում են, կարծում է Դաիգա Միերինան՝ նշելով, որ հիմա եվրոպական մի շարք խոշոր երկրներ ակտիվացել են և փոխել իրենց վերաբերմունքը․ «Մինչև վերջերս տեսնում էինք, որ որոշակի կասկածներ կային՝ արդյոք պե՞տք է հրթիռներ կամ այլ զինատեսակներ ուղարկել Ուկրաինա։ Բայց այս պահին հռետորաբանությունը փոխվել է։ Հիմա պարզ է, որ արդյունք ունենալու համար մեզ անհրաժեշտ են վճռական և արագ գործողություններ»,- նշել է խոստակը՝ շեշտելով, որ հստակ երևում է, որ եթե հապաղեն միջոցներ ձեռնարկել, ապա պատերազմն կերկարաձգվի։

Նա կարևոր է համարել նշել, որ Ռուսաստանը նույնպես շատ արագ է սովորում, և չպետք է թերագնահատել Ռուսաստանին, որն ակնհայտորեն հետևում է վերջին զարգացումներին և սովորում է սեփական սխալների վրա։ Նա պատմել է, որ վերջերս եղել է Ուկրաինայում և ուկրաինացիներից անձամբ լսել է, որ Ռուսաստանն ընդդեմ Ուկրաինայի կիրառում է ուկրաինական մարտավարությունը։ [Կրեմլը] դասեր է քաղում Ուկրաինայից։ -«Օրինակ, Ուկրաինան մարտադաշտում անօդաչու սարքեր էր օգտագործում, հետո՝ Ռուսաստանը նույնպես անօդաչու սարքեր կիրառեց Ուկրաինայի դեմ, ասել է Միերինան և ընդգծել,- Եվրամիության ու ընդհանրապես եվրոպական երկրների համար կարևոր է քիչ խոսել և շատ գործել, ընդլայնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը»։

«Իմ կարծիքով, - շեշտել է խոսնակը,- կարևոր է նաև բռնագրավված ռուսաստանյան ակտիվներն օգտագործել՝ ի շահ Ուկրաինայի»։

Ամենօրյա տեղեկատվական պատերազմի մեջ՝ յուրաքանչյուր երկիր իր վրա զգում է, որ ռուսները ներթափանցման վարպետներ են: «Նրանք գիտեն՝ ինչպես ներթափանցել ցանկացած երկիր։ Նրանք գիտեն ինչպես առաջացնել քաոսային իրավիճակ, ասում է Դաիգա Միերինան։- Գիտեմ, թե ինչպես են օգտագործում աշխարհով սփռված ռուսալեզու բնակչությանը՝ իրենց ազդեցությունը տարածելու և [տվյալ] երկրի քաղաքականության վրա ներգործելու համար։ Բոլորս միասին պետք է պայքարենք ռուսաստանյան չարիքի դեմ»։

XS
SM
MD
LG