Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook

Մատչելի հղումներ

Ռուսական հրթիռային աճող հարձակումների ֆոնին՝ ուկրաինացիները լրացուցիչ աջակցություն են ակնկալում ԱՄՆ-ից 


Ուկրաինայի Զապորոժժիայում բնակելի թաղամասում, 2024 թվականի մարտի 28-ին:
Ուկրաինայի Զապորոժժիայում բնակելի թաղամասում, 2024 թվականի մարտի 28-ին:

Ուկրաինայի էներգահամակարգին ռուսական ռազմուժի հասցրած վնասներից հետո Կիևում պաշտոնյանները բարձրաձայնում են, որ շտապ օգնության կարիք ունեն՝ ամրապնդելու երկրի հակաօդային պաշտպանությունը։ Ուկրաինացի պաշտոնյաները պնդում են՝ ժամանակն է, որ Միացյալ Նահանգները վերսկսի լայնածավալ աջակցությունը Կիևին: 

Ուկրաինացի մասնագետներին ամիսների աշխատանք է սպասում՝ ռուսական բանակի՝ մարտի 22-ին հասցված մեծաքանակ հարվածներից հետո երկրի էներգետիկ համակարգը կարգի բերելու համար։

Կիևի ներկայացմամբ միայն այդ օրը ուկրաինական քաղաքացիական նշանակության ենթկառուցվածքների ուղղությամբ ռուսները արձակել են 151 հրթիռ և անօդաչու:

«Ukrenergo» ընկերության գլխավոր տնօրեն Վոլոդիմիր Կուդրիցկին ասում է․ «Ռուսաստանը հարվածել է մոտ տասը մարզի՝ վնասելով էներգետիկ համակարգի տասնյակ օբյեկտներ՝ էլեկտրակայաններ, ենթակայաններ։ Պատերազմի սկզբից ի վեր այն ամենածավալուն հարձակուն էր [Ուկրաինայի էներգետիկ համակարգի դեմ]»։

Ուկրաինացի պաշտոնյաների ներկայացմամբ, ամենից ծանր վիճակը երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում է՝ առաջնագծին մոտ Խարկովում, ուր էլեկտրաէներգիայի երկարատև անջատումներ են:

«Հարձակումից անմիջապես հետո էլեկտրաէներգիան անջատվեց և 24 ժամ անց նոր միացավ: Հետո նորից անջատեցին։ Սակայն խնդիրը դա չէ․ մարդիկ են մահանում հարձակումների պատճառով: Ենթակառուցվածքները կարելի է վերականգնել»,- ասում է Խարկովի բնակիչ Յուրի Պանֆերովը:

Ենթակառուցվածքների վերակառուցումը, ըստ մասնագետների, երկար ու բարդ է լինելու: Ուկրաինայի ամենամեծ հիդրոէլեկտրակայանը դադարել է գործել, քանի որ ռուսական առնվազն յոթ հրթիռներ խոցել են այն՝ մարտի 22-ի հարձակման ժամանակ:

«Տարիներ կպահանջվեն օբյեկտի կայաններից մեկի վերականգնման համար։ Փլուզվել են առաստաղն ու պատերը։ Վնասված մետաղական և բետոնե կոնստրուկցիաները թույլ չեն տալիս մուտք գործել ստորին հարկում գտնվող շարժիչների սենյակ: Էլեկտրական սարքերը 90%-ով ոչնչացված են»,- ասում է «Ukrhydroenergo»-ի գլխավոր տնօրեն Իհոր Սիրոտան:

Ռուսական վերջին գրոհների հետևանքով «Ukrhydroenergo»-ի վնասը գնահատվում է ավելի քան 108 միլիոն դոլար։ Գործադիր տնօրենի խոսքով, իրավիճակը կարող էր ավելի վատ լինել, եթե նախապես չամրապնդեին էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությունը:

«Ունենք պաշտպանության առնվազն երկու մակարդակ։ Առաջինը` ավազի պարկերից պատրաստված պատնեշներն են: Երկրորդ մակարդակը՝ հատուկ ապաստարաններն են, որոնք պաշտպանում են անօդաչուների ուղղակի հարվածներից»,- նշում է Վոլոդիմիր Կուդրիցկին:

Սակայն նման պաշտպանությունը բավարար չէ: Կուդրիցկին և ուկրաինացի ռազմական վերլուծաբաններ ասում են, որ ՀՕՊ լրացուցիչ համակարգեր են պետք:

«Պետք է պաշտպանենք առնվազն ամենամեծ քաղաքները: Յուրաքանչյուրի համար պետք է ՀՕՊ երկու համակարգ»,- ասում է ռազմական վերլուծաբան Օլեքսանդր Մուսիենկոն:

Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները կրկնում են՝ խիստ անհրաժեշտություն է ընդլայնել Կիևին ցուցաբերվող արևմտյան ռազմական օգնությունը, հատկապես՝ ՀՕՊ համակարգերի տրամադրումը:

«Ռուսական ահաբեկչությունը հնարավոր է դառնում, քանի որ չունենք ժամանակակից հակաօդային պաշտպանության բավականաչափ համակարգեր, քանի որ մեր գործընկերները չունեն դրանք տրամադրելու քաղաքական կամք: Նրանք բոլորն էլ գիտեն, թե ինչ է հարկավոր»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

Ուկրաինացիների կարծիքով, Արևմուտքից ցուցաբերվող աջակցության ծավալները նվազել են:

Ուկրաինայի համար նախատեսված և մոտ 60 միլիարդ դոլար պարունակող օգնության փաթեթն, ինչպես հայտնի է, ընդունվել է ԱՄՆ Սենատում՝ դեռ փետրվարին, սակայն փաստաթղթի վավերացումը առաջ չի գնում ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատում՝ Ներկայացուցիչների տանը:

Փաթեթի ապագան անորոշ է, իսկ ԱՄՆ հանրային կարծիքի ուսումնասիրությունը վկայում է, որ նախընտևրական այս շրջանում ամերկացիներն ավելի շատ կենտրոնացած են երկրի ներքին հարցերի վրա:

XS
SM
MD
LG