Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook

Մատչելի հղումներ

Կրեմլի քարոզչամեքենայի թիրախում Ուկրաինայի բռնազավթված տարածքներն են


Դոնեցկի ընտրատեղամասում ընտրությունների ժամանակ, 15 մարտի, 2024 թ.
Դոնեցկի ընտրատեղամասում ընտրությունների ժամանակ, 15 մարտի, 2024 թ.

Ռուսաստանյան լրատվամիջոցները լուրեր են տարածում, թե իբր ուկրաինացիներն աջակցում են Պուտինին և հավանություն տալիս պատերազմին։։

Ռուսաստանում նախագահական «ընտրություններին» հաջորդած շրջանում կրեմլամետ լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածում, թե «Ուկրաինայում ռուսական բանակի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում մասնակցությունն ընտրաթյուններին ավելի բարձր էր, քան բուն Ռուսաստանում»։

Վաշինգտոնում գործող Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի կողմից «Ամերիկայի ձայնին» փոխանցված զեկույցի համաձայն, նման կարգի «տեղեկատվության» տարածումը նպատակ ունի «կարծիք ձևավորել, թե ուկրաինացիները, հիմնականում, աջակցում են Վլադիմիր Պուտինին և նրա հայտարարած պատերազմին»։

Ըստ ինստիտուտի, այդ «տեղեկատվության» խնդիրն է նաև՝ «բռնազավթված տարածքներում ուկրաինացիներին համոզել, որ հայրենակիցների շրջանում աջակցություն ցուցաբերեն Պուտինին»։

Զեկույցի հեղինակ և ինստիտուտի վերլուծաբան Եկատերինա Ստեպանենկոյի խոսքով, «բռնազավթված [ուկրաինական] տարածքներում ռուսաստանցի քարոզիչների ուշադրության կենտրոնում են ռազմի դաշտում Ռուսաստանի մարտավարական հաջողություններ, մյուս կողմից՝ տեղի բնակչությանը պատրաստում են պատերազմում Ուկրաինայի պարտությանը»։

«Ռուսները նաև ուշադրություն են դարձնում Ուկրաինայում զորահավաքի հետ կապված խնդիրների և արևմտյան ռազմական օգնության դանդաղման մասին տեղեկությունների վրա։ Ուկրաինայի պարտության մասին պատումներով Կրեմլը, հավանաբար, ձգտում է կոտրել բռնազավթված տարածքների բնակիչների ոգին»,- ասում է Ստեպանենկոն։

Ուկրաինայում գործող Զանգվածային տեղեկատվության ինստիտուտի փորձագետ է Նատալյա Վիգովսկայան ընդգծում է․ «Նախորդ ամիսներին գրավված տարածքներում տեղեկատվական դաշտի զգալի մասը վերաբերում էր Ռուսաստանի նախագահական ընտրություններին»։

Որպես օրինակ նա ներկայացրեց 100 հազար տպաքանակով լույս տեսնող «Запорожский вестник» պարբերականի 2024 թվականի մարտի 5-ի համարը, որի բոլոր՝ 16 էջերում Պուտինի դիմանկարներն էին ու նրա խոսքը Ռուսաստանի Դաշնային ժողովի առջև։

Վիգովսկայայի խոսքով, «Telegram»-յան տեղի ալիքներում ակտիվ կերպով առաջ է մղվում Ռուսաստանի ու Միացյալ Նահագների միջև հակադրությունը, և Պուտինը ներկայացվում է որպես «համաշխարհային օրակարգը կերտող»։ Ի հավելումն՝ «նկատվում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Ուկրաինային աջակցելու նրա հայտարարությունների ակտիվ վարկաբեկում»։

Ուկրաինայի ռազմավարական հաղորդակցության և տեղեկատվական անվտանգության կենտրոնի հաղորդմամբ, «Ռուսաստանը նախապես ստեղծել էր բոլոր անհրաժեշտ պայմանները՝ [ռուսաստանյան նախագահական] ընտրություններից առաջ օկուպացված տարածքներում քարոզչություն իրականացնելու համար»։

«Պուտինի վերընտրության նախօրեին Կրեմլը տեղեկատվական և քաղաքական առումներով «մաքրել» էր Ուկրաինայի ժամանակավոր բռնազավթված տարածքները»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարությանը կից ստեղծված վերոհիշյալ կենտրոնի ղեկավար Իգոր Սոլովեյը։

Բռնազավթված տարածքներում գործում է «Русский мир»-ը

Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի հետազոտողների խոսքով, «դեռ տեղեկություն չունեն՝ արդյո՞ք բռնազավթված տարածքներում ուկրաինացիները հնարավորություն ունեն ստանալ ուկրաինական կամ արևմտյան լրատվամիջոցների բովանդակությունը»:

Հետազոտողների ներկայացմամբ, «ուկրաինացի պաշտոնյաներն ու զինվորականները հաճախ են հայտնում այն մասին, որ ռուսական կողմը կանոնավոր կերպով ստուգում է [տեղաբնակների] հեռախոսները և անջատում համացանցը Ուկրաինայի բռնզավթված տարածքում», ինչը, հավանաբար, «փորձ է վախեցնել և թույլ չտալ, որ ուկրաինացիները ստանան ոչ ռուսաստանյան բովանդակություն»:

Բռնազավթված տարածքներում «ցանկացած ուկրաինական բովանդակություն ամբողջությամբ արգելափակված է»,- ասում է Սոլովեյը՝ հավելելով, թե «օկուպացիոն իշխանությունները ահաբեկում են մարդկանց և գրաքննություն իրականացնում»։

«Սմարթֆոնում հայտնաբերված ցանկացած ուկրաինական համացանցային հարթակ, ուկրաիներեն նամակագրություն, մեքենայի համար ուկրաինական փաստաթղթեր՝ նշան է, որ դուք թշնամի եք, անվստահելի ու կասկածելի»:

Մեդիա փորձագետ Նատալյա Վիգովսկայայի խոսքով, «բռնազավթված տարածքներում շատ ավելի քիչ մարդիկ կան, ովքեր կարող են մուտք ունենալ ուկրաինական կամ արևմտյան լրատվամիջոցներ»:

Ուկրաինական կամ արևմտյան լրատվամիջոցները «կարելի է կարդալ, եթե, օրինակ, ձեր հեռախոսից հանեք ռուսական «SIM» քարտը և համացանց մտնեք «Wi-Fi»-ի միջոցով՝ օգտագործելով «VPN»»: Հակառակ դեպքում ողջ «ոչ ռուսաստանյան» բովանդակությունը արգելափակված է։

«EUvsDisinfo»-ի համար Վիգովսկայայի պատրաստած ուսումնասիրությունում կարդում ենք, որ 2023 թվականին ռուսները «Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բռնազավթած տարածքների բնակիչների համար միացրել են «Русский мир» հեռուստատեսային անվճար փաթեթը, որը ստեղծվել է Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո:

Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի տվյալներով, Ուկրաինայի գրավված շրջանների բնակիչները «Русский мир»ի միջոցով կարողանում են ակնդրել ռուսաստանյան 20 դաշնային և 10 տարածաշրջանային հեռուստաալիքներ, այդ թվում՝ կրեմլամետ «ЗаТВ»-ին՝ բռնազավթված Զապորոժիեի շրջանում, «Таврия ТВ»-ին՝ Խերսոնի շրջանում, ինչպես նաև «ռուսաստանյան մի շարք ժամանցային հեռուստաալիքներ»։

Ինչպես հաղորդում է, ինստիտուտը, «2023 թվականին Կրեմլի առաջնահերթություններից էր Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բռնազավթած տարածքներում լրատվական գործակալությունների ստեղծումը», ինչպես նախկինում ստեղծվել էին Դոնեցկի լրատվական գործակալությունը և Լուգանսկի տեղեկատվական կենտրոնը։

«Այդ գործակալությունները համալրված են ռուսական պետական լրատվամիջոցներից [ժամանած] «խորհրդատուներով», որոնք վերահսկում են դրանք։ Ռուսաստանի օկուպացիոն իշխանությունները վարձում են ռուսաստանյան պետական լրատվամիջոցների լրագրողներին՝ տեղական լրատվամիջոցներում աշխատելու համար»,- նշում է է Ստեպանենկոն։

Ըստ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի, 2023 թվականին Կրեմլը նաև «հիմնել է Ռուսաստանի լրագրողների միության առաջին մասնաճյուղը Ուկրաինայի բռնազավթված տարածքներում»՝ տեղի «լրագրողներին» գրանցելով Ռուսաստանի արդարադատության նախարարությունում։

Ամերիկյան վերլուծական կենտրոնը փոխանցում է՝ բռնազավթված տարածքներում տեղեկատվական արշավների համակարգողը «ամենայն հավանականությամբ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն է»:

«EUvsDisinfo»-ի կայքում հրապարակված ուսումնասիրության մեջ նաև նշված է, որ «2023 թվականից ռուսները սկսեցին վերականգնել տեղեկատվական ռեսուրսների տեղական ցանցերը՝ «Telegram»-յան ալիքներ, հեռուստառադիոալիքներ և տեղեկատվական կայքեր, որոնց միջոցով շուրջօրյա ապատեղեկատվություն է հեռարձակվում»։ Ուղերձները լի են «պատերազմի կոչերով և թշնամանքով»։

«Բռնազավթված տարածքներում [ռուսաստանյան] քարոզչամեքենայի համար ազդեցության կարևոր գործիքներ չկան։ Քարոզչության համար օգտագործվում են բոլոր միջոցները՝ լարային ռադիոյից ու տարածաշրջանային թերթերից մինչև «Telegram»-յան ալիքներ, «Rutub» և թեմատիկ խմբեր՝ «ВКонтакте»-ում ու «Одноклассники»-ում: Պաստառներն ու բացիկներ են տպագրվում՝ վարչական շենքերում, հիվանդանոցներում և դպրոցներում կամ սյուների ու քարոզչական վահանակների վրա փակցնելու համար։ Ի հավելումն՝ կա Ռուսաստանի կենտրոնական հեռուստատեսությունը և դաշնային լրատվամիջոցները: Փող կա ամեն ինչի համար»,- ասում է Սոլովեյը:

Վիգովսկայայի խոսքով, «յուրաքանչյուր բռնազավթված շրջան ունի իր սեփական հեռուստաընկերությունը, թերթը և որոշակի քանակությամբ առցանց հրապարակումներ, ինչպիսիք են, օրինակ, «ZOV Запорожье»-ն, «ZOV Бердянск»-ը, «ZOV Херсон»-ը և այլն։

«Զապորոժիեի շրջանի բռնազավթված տարածքներում առանցքային մեդիա հոլդինգը «За!Медиа»-ն է, որը ներառում է «ЗаТВ» հեռուստաալիքը, «ЗаРадио» ռադիոն և «Запорожский вестник» թերթը՝ շաբաթական 50-100 հազար օրինակ տպաքանակով»,- ասում է Վիգովսկայան։

«EUvsDisinfo»-ում տեղ գտած հետազոտության համաձայն, ««За!Медиа» քարոզչական մեդիա հոլդինգը պատկանում է Ալեքսանդր Մալկևիչին՝ ԱՄՆ պատժամիջոցների ներքո հայտնված մեկը, ով փորձել է միջամտել ամերիկյան ընտրություններին»։

Կրեմլի քարոզչության առանձնահատկությունները Ուկրաինայի բռնազավթված տարածքներում

Ուկրաինայի բռնազավթված տարածքներում տեղի լրատվամիջոցների թողարկած բովանդակությունը «ոճով և բովանդակությամբ շատ նման է ռուսաստանյան այլ պետական լրատվամիջոցների բովանդակությանը»՝ նշված է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի զեկույցում։

«Կրեմլը գործարկում և օգտագործում է ռուսաստանյան ցանցերը՝ բռնազավթած տարածքներում տեղեկատվական գործողությունների համար, որոնք ուղղված են տեղի բնակիչներին», [և տեղական] լրատվական գործակալությունները «մանրամասն քննարկում են տեղական և ուկրաինական նորությունները՝ ձգտելով վարկաբեկել Ուկրաինայի իշխանություններին՝ կենտրոնանալով, օրինակ, կոռուպցիայի վրա»,- կարդում ենք զեկույցում։

Ըստ ինստիտուտի, տեղացիների համար ռուսաստանյան լրատվամիջոցները, ամեն դեպքում, առանձին բովանդակություն են թողարկում։

«Ուկրաինայի բռնազավթված տարածքում ռուսաստանյան քարոզչությունը զգալիորեն տեղայնացված է և տարածում է պատումներ ու ապատեղեկատվություն՝ համոզելու մարդկանց, ովքեր լավ գիտեն Ուկրաինան...։ Ռուսական օկուպացիոն քարոզչության [հետևում կանգնած մարդիկ] հասկանում են, որ բռնազավթված տարածքներում ապրող ուկրաինացիները կարող են չհավատալ նույն անհեթեթ պատմություններին, ինչ Ռուսաստանի բնակչությանը, որը ծանոթ չէ Ուկրաինային և նրա ներքին խնդիրներին»,- ասված է զեկույցում:

Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի փոխանցմամբ, «տեղի քարոզչական լրատվամիջոցները հիմնականում կենտրոնանում են ուկրաինացիների կյանքի վրա, թե ինչպիսին էր այն նախկիում ու հիմա՝ անդրադառնալով տեղի խնդիրներին, գներին ու կենսաթոշակներին»:

«Տեղի լրատվական ցանցերը նաև կենտրոնանում են Ուկրաինայի և նրա ներքին խնդիրների սևացման վրա՝ համոզելու բնակիչներին, որ Ուկրաինան չի կարող հաղթել այս պատերազմում, կամ որ Ուկրաինան ձախողված պետություն է»,- նշում է հետազոտության հեղինակ Եկատերինա Ստեպանենկոն:

Մեդիափորձագետ Նատալյա Վիգովսկայայի կարծիքով, բռնազավթած տարածքներում ռուսական քարոզչության առանձնահատկություներից է, որ «Ռուսաստանը ոչ թե ընդմիշտ եկել է բռնազավթված տարածքներ, այլ միշտ եղել է այստեղ, իսկ Ուկրաինան երբեք չի եղել»։

Կրեմլյան քարոզչությունը Զապորոժիեն անվանում է «ժամանակավորապես բռնազավթված Ուկրաինայի զինված ուժերի կողմից»

«Կրեմլի քարոզիչները Զապորոժիեն անվանում են մի քաղաք, որը «ժամանակավորապես բռնազավթված է Ուկրաինայի զինված ուժերի» կամ «Կիևի խունտայի» կողմից։ Տեղում Ռուսաստանին աջակցողները շատ են գովազդվում, որպեսզի ստեղծվի մի պատկեր, թե բոլոր զոպորոժցիները Ռուսաստանի կողմից են։ Բայց դա կատարյալ սուտ է»,- ընդգծում է Վիգովսկայան։

Համատարած քարոզչությունը որոշակի ազդեցություն ունի

«Ռուսաստանի պետական բյուջեից առատաձեռնորեն ֆինանսավորվող նման համատարծ քարոզչությունը լուրջ ազդեցություն է թողնում բռնազավթված տարածքների բնակիչների վրա»,- ասում է Ուկրաինայի Ռազմավարական հաղորդակցությունների և տեղեկատվական անվտանգության կենտրոնի ղեկավարը։

«Դոնեցկում և Լուգանսկում՝ բռնի զորահավաքի հետևանքով [ռազմաճակատում հայտնված մարդկանց շրջանում] մահացությունների թիվը տասնյակ անգամ ավելին է, քան Ռուսաստանի առավել տուժած հանրապետություններում, ինչպիսիք են՝ Տուվան և Բուրյաթիան, սակայն հանրային դժգոհություն չկա...։ Կան բողոքներ՝ ջրի, ջերմության բացակայության պատճառով, բայց մահացածների համար նկատելի բողոքի չկա»,- ասում է Սոլովեյը։

Միաժամանակ, նա հավելում է, թե «երբեմն քարոզչությունը հակառակ ազդեցությունն է ունենում՝ հակազդեցություն առաջացնելով հատկապես դեռահասների շրջանում, ովքեր կարծում են, որ «լավ է լինել ուկրաինացի»։

Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի զեկույցը չի բացառում, որ Ուկրաինայի բռնազավթված տարածքներում ռուսաստանյան քարոզչությունը կուժեղանա, քանի որ, ինչպես հայտարարել են ռուսական օկուպացիոն իշխանությունները, «նախատեսում են սկզբնավորել մի նոր նախագիծ՝ «Նոր շրջանների մեդիա», որի միջոցով մշակութային երիտասարդ գործիչները համագործակցելու են դաշնային մեդիայի հետ»

«Այս ծրագրի նպատակն է ավելի շատ քարոզիչներ պատրաստել՝ բռզանվթված Ուկրաինայում աշխատելու համար»,- ամփոփում է Եկատերինա Ստեպանենկոն։

XS
SM
MD
LG