Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook

Մատչելիության հղումներ

Չլսված բան է, սահմանասյունը դնելը վերջին գործն է. քարտեզագիր


Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում ապրիլի 23-ին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում ապրիլի 23-ին տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Սահմանային առաջին սյան լուսանկարը, որ սոցցանցի էջում հրապարակեց վարչապետ Փաշինյանը, զարմացրել է քարտեզագիր ու գեոդեզիստ Շահեն Շահինյանին։

«Սահմանասյունը չի ենթադրում հողից կես կամ մի մետր դուրս ցցված բետոնի կտոր», - ասում է նա։

Սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խումբը միայն նախօրեին էր ձևավորվել, ե՞րբ հասցրին սահմանազատման բարդ գործն անել ու որպես վերջնարդյունք սյունը հողի մեջ խրել մոտ 24 ժամում, հարցնում է քարտեզագիրը. - «Մինչև ամբողջ սահմանը չես սահմանազատում, այսինքն՝ քարտեզի վրա իրեն չես տեղադրում, կատալոգները չես կազմում, նկարագրությունը չես գրում ու օրենքի դա չես վերածում, տեղում չես գնում, չես ամրացնում։ <>

Սահմանազատման աշխատանքները խորհրդանշական չեն լինում, դրանք կարող են պետության համար ճակատագրական լինել»։


Աշխատանքային խմբի ձևավորման որոշման մեջ գրված է՝ խմբի անդամները, նաև քարտեզագիրներ, գեոդեզիստներ պետք է Տավուշի ու Ղազախի 4-ական գյուղերի սահմանային հատվածներում չափումներ անեն, կոորդինատներ հստակեցնեն և սահմանի արձանագրություն-նկարագրության նախագիծ կազմեն։ «Ազատություն»-ը սահմանազատման հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից տեղեկություն է խնդրել՝ ովքեր են խմբում ներգրավված մասնագետները։ Պատասխան դեռ չկա։

Շահեն Շահինյանը Գեոդեզիայի ու քարտեզագրության այժմ լուծարված ՊՈԱԿ-ում գիտատեխնիակկան բաժինն է ղեկավարել։ Ասում է՝ իր այն գործընկերները, որ մասնակցել են հայ-վրացական ու Խորհրդային Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանազատման աշխատանքներին, Տավուշի սահմանի գծմանը չեն մասնակցում։ Ենթադրում է՝ տեղում Պաշտպանության նախարարության ռազմատեղագրական մասնագետներն են, բայց հարցն ուժի մեջ է՝ սահմանասյունը վերջին գործն է այստեղ, բա մնացածը՞։

«Վրաստանի սահմանին տեղի է ունեցել բավականին լուրջ աշխատանք, 40 տոկոս սահմանագիծը համաձայնեցված է եղել։ Քանի որ չի եղել հաստատված փաստաթուղթ, չի եղել խորհրդարանների կողմից հաստատում, ոչ մի սահմանասյուն չի տեղադրվել, և ոչ մի սահմանասյուն չի անվանակոչվել», - շեշտեց նա։

Առանց հաստատված կանոնակարգի Տավուշում սահմանազատում սկսելը վարչապետ փաշինյանը Փաշինյանը հիմնավորել էր նրանով, որ սա պիլոտային է, երկու երկրներն էլ անփորձ են սահմանագծման հարցում, Տավուշում ունեցած փորձի հիման վրա էլ, ըստ վարչապետի, կստեղծվի կանոնակարգը հետոյի համար։

«Nonsense է, չլսված բան է։ Նախ առաջինը՝ անփորձ չենք։ Երկրորդը՝ եթե պիլոտի արդյունքները անբավարար լինեն, ի՞նչ ենք անելու, Ադրբեջանը այն տարածքները, որ հիմա կստանա, հե՞տ է կանգնելու դրանցից, իհարկե, ոչ», - նշեց նա։

Նոր սահման գծելու արագության պատճառը գուցե ուժի սպառնալիքն է Ադրբեջանից, ենթադրում է Շահինյանը. - «ԵԱՀԿ սահմանագծման մասին կանոնակարգը հստակ ասում է, որ սահմանազատում չի կարելի իրականացնել ուժի սպառնալիքի կամ ուժի սպառնալիքի կիրառման ներքո»։

33/1. առաջին սահմանասյան թիվն է, սա բետոնե ցից չէ միայն։ Սյան տակ որոշակի խորության վրա, քարտեզագրի բառով, մարկա է տեղադրվում, անպայման, որ եթե հանկարծ սյունը տեղաշարժվի կամ քանդվի, հողի տակ սահմանի գիծը ֆիքսված լինի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG